Քաղաքականություն

Չեմ կարծում, թե Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Չեմ կարծում, թե Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ը ոչ միայն բազմակողմ, այլև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր խողովակ և հարթակ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն որ իրավիճակում կարող է դիտարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը:

«Չեմ կարծում՝ Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը, քանի որ ուզում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն բազմակողմ, այլև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր խողովակ և հարթակ է: Որպես նախագահող երկիր՝ պետք է աշխատենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,- ասաց Փաշինյանը:

Նա արձանագրեց, որ ՀԱՊԿ երկրներից մի քանիսը Թուրքիայի հետ թյուրքական աշխարհի ռազմավարություն ստորագրեցին, ինչը իրողություն է, որը չի կարող որևէ ազդեցություն չթողնել: «Հաջորդ իրողությունն այն է, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է, և այդ գործընկերությունն անգնահատելի է: Ուզում եմ ընդգծել, որ չափազանց բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Չափազանց բարձր եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում: Պետք է արձանագրենք նաև, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, այնուամենայնիվ Ադրբեջանի թշնամին չէ, այլ բարեկամ ու դաշնակից է»,- ասաց գործադիրի ղեկավարը: Նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանի դաշնակիցներն ու գործընկերներն օգտագործեն քաղաքական լծակները՝ փոխադարձ ճանաչված իրավունքները պաշտպանելու նպատակով:

«Մյուս կողմից, Հայաստանն ինքն իրեն չի սահմանափակելու միջազգային ամենատարբեր ատյաններում ու օղակներում: Փորձ է արվում հակադրել Բրյուսելի ու Սոչիի հանդիպումները: Դրանց մեջ չկա որևէ հակադրություն կամ հակասություն, որովհետև մենք չենք կարող հրաժարվել՝ աջակցելու որևէ գործընկերոջ առաջարկից»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ պետք է օգտվեն այլ կողմի փորձից և աջակցությունից՝ կայունացնելու իրավիճակը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում