Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը

2 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը:

Արմեն Գրիգորյանը զրուցակցին ներկայացրեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում Արմեն Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվեց իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձան նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։

Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծեց ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրեց, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում