Հուլիսի 1-ից ստարտափները հնարավորություն կունենան Հայաստանում արտոնագրելու իրենց ստեղծած համակարգչային ծրագրերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է գյուտերի ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված գույքային և անձնական հարաբերությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Նոր օրենքի ընդունմամբ Հայաստանը դառնում է աշխարհում երկրորդ երկիրը ԱՄՆ-ից հետո, որն իրականացնում է համակարգչային ծրագրերի արտոնագրում։ Համակարգչային ծրագրերի հուսալի պաշտպանությունը բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանում ստարտապների, նորարար հեղինակների համար մտավոր արժեքներ ստեղծելու և դրանք Հայաստանում արտոնագրելու համար։ Արված փոփոխությունները և Հայաստանում արտոնագրման գործընթացի կազմակերպման արագությունն ու հեշտությունը նախադրյալներ կստեղծեն տարածաշրջանում Հայաստանի ավելի բարենպաստ դիրքավորման և երկրում նորարարության ու կայուն տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար»,- նշել է ՀՀ ԷՆ Մտավոր Սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը։

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, քանի որ կայուն զարգացած տնտեսության կայացման նախադրյալներից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաներն ու նորարարություններն են։ Դեռևս 2019 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը հռչակել է ռազմավարական ուղղություն․ կայուն և ներառական տնտեսական աճի խթանման նպատակով Կառավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում հստակ գործողություններով բարենպաստ պայմաններ է ստեղծում բարձր տեխնոլոգիաների ոլորտում տեղական և օտարերկրյա ներդրումների համար, նպաստում նորարարական ստարտափ էկոհամակարգերի ակտիվ ներդրմանը։

Վերոնշյալ ուղղությունների կատարելագործման գործում մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համապարփակ և ժամանակակից օրենսդրական բարեփոխումների մշակման գործում Հայաստանի կառավարությանն իրենց փորձով և գիտելիքով աջակցում են սփյուռքի ոլորտի լավագույն փորձագետները։

Դեռևս 2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) կողմից ձևավորվել է ՄՍ/ՏՏ կոմիտե, որի նպատակն է դյուրացնել առաջարկությունների և լուծումների մշակման գործընթացը ոլորտում օրենսդրական թերությունները վերացնելու համար: Աշխատանքային խումբը կազմված էր սփյուռքի և Հայաստանի ոլորտի լավագույն փորձագետներից, իրավաբաններից, պետական և մասնավոր հատվածի, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներից, Ազգային ժողովի պատգամավորներից։ Աշխատանքային խմբի կողմից «Արտոնագրերի մասին» օրենքում արված փոփոխությունների և առաջարկների շուրջ իրականացված համատեղ աշխատանքների արդյունքում այսօր արդեն հնարավոր է Հայաստանում իրականացնել համակարգչային ծրագրերի արտոնագրումը։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա