Ինովացիա

Կիբեռանվտանգության ոլորտում միջազգային ստանդարտներ կներդրվեն. ՀՀ կառավարությունը հաստատել է նախագիծը

4 րոպեի ընթերցում

Կիբեռանվտանգության ոլորտում միջազգային ստանդարտներ կներդրվեն. ՀՀ կառավարությունը հաստատել է նախագիծը

ՀՀ կառավարությունը հաստատել է կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտների ցանկը սահմանելու մասին նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծով սահմանվում են կենսական նշանակության ոլորտներում շահագործվող կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների, ինչպես նաև կիբեռանվտանգության ծառայություն մատուցողների և աուդիտ իրականացնողների նկատմամբ կիրառվող պահանջները։

Կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

«Անցած տարի մեզ հաջողվեց երկար քննարկումների արդյունքում ընդունել «Կիբեռանվտանգության մասին» օրենքի փաթեթը, որը, կարծում եմ, շատ կարևոր ձեռքբերում էր մեր համընդհանուր աշխատանքների և կոլեկտիվ աշխատանքի արդյունքում։ Անցած տարվա վերջում Ազգային ժողովը հաստատեց «Կիբեռանվտանգության մասին» օրենքը և փաթեթը, որը, կարծում ենք, մեր ընդհանուր թվային անվտանգության և կիբեռանվտանգության ուղղությամբ կարևոր քայլերից մեկն էր»,-ասաց Մանթաշյանը։

Նրա խոսքով՝ օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել ընդունել դրանից բխող ենթաօրենսդրական ակտեր։

«Այսօր մենք ներկայացնում ենք կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտների ցանկը սահմանելու մասին կառավարության որոշումը։ Տվյալ որոշումով մենք օրենքից բխող կենսական նշանակության ոլորտներում շահագործող կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների վերաբերյալ միջազգային ստանդարտներ ենք սահմանում»,-նշել է նա։

Գևորգ Մանթաշյանի խոսքով՝ որոշմամբ սահմանվում են նաև կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների նկատմամբ պահանջները։

«Քանի որ կրիտիկական ենթակառուցվածքների ծառայություններ մատուցողներ կարող են լինել ու կան այդպիսիները, նաև սահմանում ենք կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների նկատմամբ պահանջները, կոնկրետ, թե որ ստանդարտներին պետք է համապատասխանեն, և նաև տվյալ համակարգերը աուդիտ անցնելու դեպքում՝ աուդիտորների նկատմամբ պահանջները»,-ասել է նա։

Նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ թվային գործիքների լայն տարածման պայմաններում մեծանում են նաև ռիսկերը, և կառավարության նախաձեռնությունն ուղղված է ընդհանուր անվտանգության մակարդակի բարձրացմանը։

«Գաղտնիք չեմ բացի, որ մեր կյանքում թվային գործիքներն ավելի լայն տարածում են ունենում, և դրանք կարող են ավելի շատ ռիսկեր պարունակել։ Կարծում ենք, որ սա շատ պահանջված գործողություն է այս պահին։ Սա կբերի նաև բիզնեսի համար որոշակի ծախսեր, բայց կարծում ենք, դա մեր համընդհանուր անվտանգության նկատմամբ ներդրում է լինելու»,-նշել է Մանթաշյանը։

Նրա խոսքով՝ նախագծի քննարկումները նախապես անցկացվել են նաև մասնավոր հատվածի և կենսական նշանակության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Այս ամեն ինչն անակնկալ չի լինի, որովհետև օրենքի քննարկումը երեք անգամ եղել է e-draft-ում, տարբեր անգամ մասնավորի հետ ու կոնկրետ կենսական նշանակության ոլորտի ընկերությունների հետ քննարկվել է։ Կարծում ենք, որ սրանով մենք ֆիքսում ենք այն մինիմալ ստանդարտը, որին բոլորը պետք է բավարարեն»,-ասել է նա։

Գևորգ Մանթաշյանը նշել է, որ ներկայումս տարբեր ընկերություններ արդեն կիրառում են որոշակի լուծումներ և ստանդարտներ, սակայն ոլորտում միասնական մոտեցման բացակայությունը կարող է խոցելիություններ ստեղծել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում