Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ հաջողություն մաղթելով ստացած վստահության իրացման ճանապարհին

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ պարոն Փաշինյան, ադրբեջանա-թուրքական 44-օրյա ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի Հանրապետության ներքաղաքական անկայուն իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումը եղավ արտահերթ ընտրությունների անցկացումը: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ու ժողովրդին հաջողվել է կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ՝ չնայած բազմաթիվ արտաքին ու ներքին դժվարություններին ու մարտահրավերներին:

Հաշվի առնելով ընտրությունների նախնական արդյունքները՝ հաջողություններ եմ մաղթում Ձեզ և Ձեր գլխավորած թիմին՝ ընտրողների մեծամասնության կողմից ստացած վստահության իրացման ճանապարհին: Հուսով եմ՝ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետության իշխանություններին ամրացնել պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային ու արտաքին քաղաքական դիրքերը, վերականգնել հանրային համերաշխությունը համազգային հիմնախնդիրների լուծման հարցերում, ինչպես նաև հետևողական ու արդյունավետ աշխատանք տանել արցախահայության իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ:

Հաջողություն եմ մաղթում նաև ժողովրդի որոշակի վստահության արժանացած մյուս քաղաքական ուժերին: Համոզված եմ՝ ստացած յուրաքանչյուր քվե պետք է ծառայեցվի համազգային շահերին ու իղձերին՝ կայուն, կառուցողական ու հարգալից քաղաքական միջավայրում: Պատերազմի հետևանքներն ու առկա մարտահրավերները մեզ այլ ուղի չեն թողնում, քան դեմ հանդիման կանգնել դրանց և միասնական ջանքերով Արցախի և Հայաստանի Հանրապետությունները դարձնել ավելի անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք մեր ժողովրդի համար՝ հանուն մեր գալիք սերունդների ու Հայոց Հայրենիքի հարատևման»:

Հայերեն العربية English Français Русский

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը