Կկոտրենք և կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք. Փաշինյան
1 րոպեի ընթերցում
![Կկոտրենք և կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք. Փաշինյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1055392.jpg)
ԵՐՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ որոշ շրջանակներ փորձում են Սյունիքը հակադրել Հայաստանին և համոզել քաղաքացիներին, որ Սյունիքը և Հայաստանը տարբեր բաներ են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ թույլ չի տալու նման զարգացումներ լինեն:
«Այսօր Հայաստանի բոլոր մարզերից, բոլոր քաղաքներից ներկայացուցիչներ են եկել Սյունիք, որովհետև դրանք` ժողովրդից մկան նման գողացողները, փորձում են Սյունիքը հակադրել Հայաստանին, թե, իբր, Սյունիքը և Հայաստանը տարբեր բաներ են: Ոչ: Դա նրանք անում են «բաժանիր, որ տիրես» հայտնի կարգախոսի ներքո իրենց մի քանի կոպեկի համար: Մենք ասում ենք` ոչ, Հայաստանը մեկ է և միասնական է և միասնականությամբ է հզոր»,- շեշտեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` Սյունիքը Հայաստան է այնքան, որքան Երևանը, Գյումրին, Տավուշը: «Մենք կկոտրենք և կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք»,- եզրափակեց Փաշինյանը: