…Եվ նա նվաճեց աշխարհը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ: Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը եւ ծաղր ու ծանակը ընտանիքիս էին բաժին հասնում… Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում՝ ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին՝ պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս… Ապրելու համար մի ելք կա միայն. քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում, իսկ եթե չէ՝ բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ…»:

Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ

«Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով: Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ…»: Սրանք մեր երկրի անշահախնդիր բարեկամ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեծարանքի խոսքերն են՝ աշխարհին ի լուր հնչեցրած «երգիչների շարքում թագավոր» մեծն շանսոնյեին դեպի անմահության ճանապարհ ուղեկցելու առիթով: Իսկ նա ինը տասնամյակը բոլորելուց հետո անգամ շարունակում էր շրջագայել, ելույթներ ունենալ աշխարհի ամենաշքեղ բեմերում եւ զարմացնել մարդկությանը երբեւէ չխամրող իր ձայնով ու շքեղ արվեստով:

«Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ եւ հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը,- գրել է հայոց փառքերից մեկը՝ Վիլյամ Սարոյանը,- միտքես կսեմ՝ ապրի՛ս, եղբայր, դու՛ն ալ հաղթեցիր… Դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»:

Աշխարհահռչակ մեծ ու տոկուն հայը ծնվել է 1924 թ. այս օրը՝ Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, Միքայել եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Ծննդյան անուն-ազգանունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Նրա հայրը արմատներով Էրզրումից էր՝ ծնված Ախալցխայում, 1897 թ., 1902-ին ծնված մայրը՝ Իզմիրից, որ ականատես էր եղել հայոց մեծ սպանդին: Ծնողները արտիստներ էին. մայրը դերասանուհի էր, հայրը՝ երգիչ: Ապագա ամուսինները հանդիպում են Կոստանդնուպոլսում, որտեղ Միքայելը ելույթներ էր ունենում, իսկ Քնարը՝ մշակութային հոդվածներ գրում հայատառ թերթերի համար: 1922 թ. արդեն ընտանիք կազմած զույգը մեկնում է Հունաստան: Մեկ տարի անց Սալոնիկում ծնվում է նրանց դուստրը՝ Աիդան: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ էլ լույս աշխարհ է գալիս երգարվեստի հանճարներից մեկը՝ Շառլ Ազնավուր խնկելի անունով…

Նախկին բարիտոն հայրը «Կովկաս» անունով փոքրիկ ռեստորան է բացում Ուշեթ փողոցի վրա, որտեղ երգում էր գաղթականների համար: Իր դերասանուհի կնոջ հետ նրանք երկու զավակներին մեծացնում են երաժշտության եւ թատրոնի, արվեստասեր մարդկանցով շնչող մթնոլորտում: 1933 թ., ռեստորանի փակվելուց հետո, ընտանիքը տեղափոխվում է Կարդինալ Լըմուանի փողոց, սրճարան բացում Ռոնյոնի արվեստի դպրոցի դիմաց: Ծնողները որոշում եւ դերասան դառնալ երազող Շառլին տանում են այդ կրթօջախ: Այստեղ նա առաջին անգամ բեմ է բարձրանում՝ իր համար ընտրելով Ազնավուրը՝ որպես բեմական անուն եւ սկզբնական շրջանում Պտի-Մոնդ էստրադային փոքրիկ բեմում հանդես գալիս որպես պարող, ապա սկսում է մանկական դերեր կատարել Օդեոն, Մադլեն, Մարինի փարիզյան թատրոններում: Այսպես սկսվում է նրա մուտքը արվեստի մեծ աշխարհ:

1941 թ. Ազնավուրը հանդիպում է կոմպոզիտոր, դաշնակահար Պիեռ Ռոշին: Սկսվում է նրանց ընկերությունը, որի ընթացքում Շառլը վերջնականապես վճռում է՝ իր տեղը երգարվեստն է: Պիեռի հետ ստեղծում են «Ռոշ եւ Ազնավուր» դուետը, ելույթներով հանդես գալիս տարբեր համերգասրահներում: 1944 թ. Ազնավուրը գրում է իր առաջին՝ «Ես խմել եմ» երգը, որը Ժորժ Ուլմերի կատարմամբ արժանանում է «Տարվա ձայնապնակ» մրցանակին: Նրա համար, սակայն, բեկումնային էր լինելու հանդիպումը ֆրանսիացի հայտնի երգչուհի Էդիթ Պիաֆի եւ իր կուռք Շառլ Տրենեի հետ: Նա Պիաֆից սովորում է այն ամենը, ինչ կարելի էր իմանալ շանսոնյեի արվեստի մասին: Երգչուհին դուետին աշխատանքի է հրավիրում Նյու Յորք, ուր նա մեկնում էր շրջագայությունների: Ընկերները փորձում են հաջողության հասնել Քվեբեկում, այնուհետեւ՝ Մոնրեալում: Չնայած որ դուետը արդեն մեծ ճանաչում ուներ Կանադայում, այդուհանդերձ, Ազնավուրը Պիաֆի հորդորով վերադառնում է Ֆրանսիա եւ սկսում իր սոլո կարիերան, որը սկզբնական շրջանում հաջողությամբ չի պսակվում: Նա սկսում է համագործակցել Ժիլբեր Բեկոյի հետ: 1956 թ. համերգներով հանդես է գալիս Հյուսիսային Աֆրիկայի երկրներում: Այդ ելույթները երգչին նոր ճանաչում եւ հաջողություններ են բերում: Դրանից մեկ տարի առաջ նա առաջին անգամ ելույթ էր ունեցել Փարիզի «Օլիմպիա» դալիճում, որով ֆրանսիական մամուլը սքանչացել էր. «Ֆրանսիան ազնավուրացված է…»: Իսկ Ֆրանսիա երկրի ղեկավար փառքերից մեկը՝ Շառլ դը Գոլը, իր խոսքն ուղղելով երգչին, բարձրաձայնել էր. «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետեւ կարողանում եք հուզել…»:

Երաժշտական Պառնասում հայտնված Ազնավուրի երգացանկում շրջանցված չէ հայկական թեման. «Ջան», «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան», «Նրանք ընկան», «Քեզ համար, Հայաստան» երգերը ասվածի վկայությունն են: Վերջինը գրված է 1988-ի Սպիտակի բնավեր երկրաշարժի առիթով: Երգի բարեգործական տեսահոլովակը ազգանվեր արվեստագետը պատրաստել էր Անրի Վերնոյի եւ 90 այլ ֆրանսիացի երգիչ-դերասանների հետ միասին: Այն վաճառվել է ռեկորդային՝ երկու միլիոն օրինակով:

Իր երաժշտական կարիերայի ընթացքում «20-րդ դարի էստրադային լավագույն երգիչը» («Թայմս» ամսագիր) ձայնագրել է շուրջ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն: Հեղինակել եւ համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն եւ՛ իր, եւ՛ այլ երաժիշտների համար:

Նրա երգերը կատարել են աշխարհահռչակ երգիչներից շատերը՝ Ռեյ Չարլզ, Լայզա Մինելի, Էդիթ Պիաֆ, Բոբ Դիլան, Խուլիո Իգլեսիաս, Պլասիդո Դոմինգո, ուրիշներ: Նկարահանվել է կինոյում՝ «Գլուխը պատին», «Մի կրակեք դաշնակահարի վրա», «Սատանան եւ տասը պատվիրանները», «Արարատ», այլ կինոժապավեններ: Հեղինակել է 14 գիրք, որոնք թարգմանվել են տասնյակ լեզուներով:

Ազնավուրի վաստակը, հիրավի, սխրանքի է նման: Նրա հայրենասիրությունը՝ պաշտամունքի: Նա հայության արժանապատիվ դեսպանն էր աշխարհում, հայ անունը հնչեցնող վերջին մոհիկանը՝ հորիզոնից հորիզոն: Որոշել էր 100-ամյակին նորից բեմ բարձրանալ ու երգել: Երգել որպես 100-ամյա երգի արքա: Ավաղ, չկարողացավ կատարել վերջին խոստումը. հեռացավ մեզանից 2018 թ. հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում: Բայց շարունակում է ծխալ նրա անմեռ երգի խունկը համաշխարհային երգարվեստի շքեղ տաճարում: Մնանք նրա երգի խորանի խոնարհ խնկարկուն… Եվ հպարտանանք՝ հնչեցնելով Շառլ Ազնավուր պաշտելի անունը…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում