Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ
2 րոպեի ընթերցում

Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանը մեկնարկել է Իվան Գոնչարովի համանուն վեպի հիման վրա բեմադրված «Սովորական պատմություն» ներկայացմամբ, որը վերջին շրջանում արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և ներկայացվել միջազգային մի շարք թատերական փառատոններում, այդ թվում՝ Չեխովյան միջազգային թատերական փառատոնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնից հայտնում են, որ ակտիվ է եղել նաև ամառային շրջանը։ Արձակուրդային ժամանակահատվածում բեմադրվել են երկու կամերային ներկայացումներ՝ «Թումաչ ռոմանտիկը»՝ Նիլ Սայմոնի պիեսի հիման վրա, և Բաբկեն Զաքարյանի «ՆեԵսենին » մոնոներկայացումը։

Սեպտեմբեր ամսվա խաղացանկը հագեցած է․ թատրոնի բեմահարթակներում հանդիսատեսին կներկայացվեն ինչպես սիրված հին, այնպես էլ նոր բեմադրություններ․ «Յամա»՝ ըստ Ա․ Կուպրինի, «Համլետ․ Collapse»՝ ըստ Ու․ Շեքսպիրի։

89-րդ թատերաշրջանը թատրոնը նախատեսում է շարունակել նոր բեմադրություններով։ Թատերաշրջանի ընթացքում նախատեսվում են Անտոն Չեխովի «Երեք քույր» (բեմադրությունը՝ Սուրեն Շահվերդյանի), Ս․Ստրատիևի «Ավտոբուս» (ՀՀ ժող․ արտիստ Արմեն Խանդիկյանի) ներկայացումների պրեմիերաները։ Ամանորին՝ հանդիսատեսին կներկայացվի նաև մանկական «Տասներկու ամիս» ներկայացումը․ աշխատանքներն արդեն սկսվել են։

Շարունակվելու է թատրոնի ակտիվ փառատոնային գործունեությունը։ Հոկտեմբերին «Թումաչ ռոմանտիկը» կներկայացվի «Թատերական Լոռի» և Արտաշատի թատերական փառատոններին։ Բանակցություններ են ընթանում միջազգային մի շարք թատերական փառատոնների կազմակերպիչների հետ՝ թատրոնի ներկայացումները միջազգային հարթակներում ներկայացնելու նպատակով։

