Հայաստանի Պրեմիեր լիգայի 6 ակումբի շնորհվեցին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր
2 րոպեի ընթերցում
![Հայաստանի Պրեմիեր լիգայի 6 ակումբի շնորհվեցին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1050795.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նիստի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա» և «Շիրակ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները: Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի 2021/2022թթ․ խաղարկությանը:
Քննության դրված ֆինանսական փաթեթների հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման բաժնի պետի և ֆինանսական փորձագետի կողմից: Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և ստուգման արդյունքների վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու 6 ակումբներին:
Ակումբների Արտոնագրման կոմիտեն միաձայն որոշում կայացրեց «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին չտրամադրել ՈՒԵՖԱ-ի արտոնագիր, քանի որ ակումբը սահմանված ժամկետներում չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը: Կայացած նիստի ընթացքում քննության առնվեց նաև ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի արտոնագիր շնորհելու հարցը, ինչն ակումբների կանանց թիմերին հնարավորություն է ընձեռում մասնակցելու 2021/2022թթ․ ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: Վերոնշյալ արտոնագրի համար դիմած երկու ակումբներն էլ՝ «Ալաշկերտ» ՖԱ-ն և «Հայասա» ՖԱ-ն, բավարարել են բոլոր չափանիշները և ստացել համապատասխան արտոնագիրը։