Հասարակական

Ռուստամ Բադասյանն ակցիայի մասնակիցներին վստահեցրեց՝ Արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել

2 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանն ակցիայի մասնակիցներին վստահեցրեց՝ Արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանդիպեց նախարարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիների հետ և մեկ անգամ ևս վերահաստատեց, որ Արդարադատության նախարարությունը որևէ ընթացակարգի շրջանակում որևէ պայմանագիր չի ստացել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 8-ին լրագրողների հետ զրույցում Բադասյանը ընդգծեց, որ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա, տարածված տեղեկությունները ուղղակի չեն համապատասխանում իրականությանը:

«Նոր ոճ է ի հայտ եկել` ինչ-որ տելեգրամյան անհայտ ծագման ալիքների կողմից ապատեղեկատվության տարածում, որի հիման վրա նաև հետո շրջանառում են զանգվածային լրատվամիջոցները և հասարակության մեջ տարածում սխալ տեղեկություններ: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին չհավատալ նման ալիքների տարածած լուրերին»,- ասաց Բադասյանը:

Արդարադատության նախարարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ կազմակերպել են ակցիա` պահանջելով նախարարությունից գաղտնազերծել, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու Մոսկվայում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպմանը: Հանդիպման և փաստաթղթի ստորագրման մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի հրապարակվել, սակայն որոշ լրատվամիջոցներ հունվարի 7-ի երեկոյան շրջանառեցին տեղեկություն այն մասին, որ արդարադատության նախարարությունում մուտք է արվել պայմանագրի նախագիծը՝ իբր ձևակերպումները Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արդեն հերքել էր մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե արդարադատության նախարարությունը ստացել է պայմանագրի նախնական տարբերակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում