Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան»-ը բաց է բոլոր ուժերի հետ համագործակցության համար

3 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան»-ը բաց է բոլոր ուժերի հետ համագործակցության համար

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով բաց է բոլոր ուժերի հետ համագործակցության համար, եթե խնդիրների լուծման հարցում մոտեցումները համընկնեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին ասաց խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված` երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներում:

Մարուքյանը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը դեռ նոյեմբերի 14-ին՝ իրավիճակից ելքեր փնտրելու հույսով ներկայացրել էր 13 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ: «Խորհրդարանական երկիր լինելով՝ հասկանում ենք, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան խորհրդարանում, այս դահլիճում: Եվ խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ՝ անցումային ժամանակաշրջանի վարչապետ: Հասկանում ենք, որ այս խորհրդարանը չի կարող պաշտոնավարել մինչև իր սահմանադրական ժամկետի ավարտը, դա է պատճառը, որ պետք է ընտրել անցումային վարչապետ»,-ասաց Մարուքյանը:

Ճանապարհային քարտեզի կետերից մեկն էլ միտված է Արցախի հարցով եռակողմ հայտարարության անորոշությունները բանակցելուն: «Առաջինը գերիների, նահատակների դիերի փոխանակման խնդիրն է, որ արձանագրված է հայտարարության մեջ, սակայն ոչ մի վերջնաժամկետ նշված չէ: Հաջորդը հայտնի GPS-ով քարտեզագրումն է, որի մասին ոչ մի տեղ չկա գրված: Այսինքն՝ պետք է լինի այս խնդիրների հստակեցում, բանակցում: Մենք կարծում ենք, որ գործող իշխանությունն ունակ չէ դա անել»,-ասաց Մարուքյանը:

Նա շեշտեց՝ ով էլ կլինի անցումային ժամանակաշրջանի վարչապետը, կարծում են, որ պետք է իրենց ճանապարհային քարտեզում նշած քայլերն իրականացնի՝ իր կաբինետի հետ: Մարուքյանը կարծում է, որ ոչ մի ուժ ունակ չէ միայնակ ստանձնելու այս պատասխանատվությունը, բեռը, հետևաբար պետք է բոլորը միասնական այս ուղղությամբ աշխատանք տանեն:

«Ոչ մի քաղաքական գործող միավորի հետ կամուրջներն այրված չեն, և կարող ենք եղած շփումները շարունակել և գալ ընդհանուր լուծումների»,-ասաց Մարուքյանը:

Նա շեշտեց, որ սահմանադրական ճանապարհով փոփոխություններին հասնելու համար պետք է, որ «Իմ քայլը» խմբակցությունը ևս գա այդ լուծումների դաշտ:

«Ուզում եմ հայտարարել, որ մենք բաց ենք բոլոր ուժերի համար՝ համագործակցության, շփումների համար: Եթե մեր մոտեցումները կհամընկնեն, եթե մեր տեսլականները կհամընկնեն այս խնդիրների լուծման հետ կապված, միանշանակ իմացեք, որ «Լուսավոր Հայաստան»-ն ուղղակի իր ծառայություններն է ներկայացնում, բաց դնում սեղանի վրա՝ մեր երկիրը կայունացնելու և իրավիճակից դուրս գալու համար»,-ասաց Մարուքյանն ու շեշտեց, որ քաղաքացիական բախումներից պետք է խուսափել:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում