Հասարակական

ՀՔԾ-ն շարունակում է օրենքով իրեն վերապահված ողջ գործիքակազմը ծառայեցնել հանրության շահերին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հատուկ քննչական ծառայությունը հանրությանը հորդորում է չհավատալ մանիպուլյատիվ բնույթի և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկությունների և կոչ է անում որոշ լրատվամիջոցների զերծ մնալ տեղեկատվական սադրանքների դիմելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի ծառայույունից։

«Նախօրեին լրատվամիջոցներով Երևանի Ազատության հրապարակում կայացած հավաքի հեռարձակման ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներից Գեղամ Մանուկյանը հավաքի մասնակիցներին ուղղված իր ելույթում ասել էր, թե քրեական գործով անցնող բոլոր անձանց հանրահավաքի ժամին կանչել են ՀՔԾ, և իբրև այնտեղ քննիչները նրանց ասել են. «Բան էլ չունենք ձեզ հարցնելու, մի ժամ պետք ա մնաք, որ միտինգի չգնաք»:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Գ. Մանուկյանի նշած օրը՝ 13.11.2020թ.-ին, ինչպես վերջինս, այնպես էլ մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչները քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով հրավիրվել են հարցաքննության: Նշված հարցաքննությունների ընթացքում, բացի գործի համար նշանակություն ունեցող փաստերը պարզելուց, նրանց այլ բնույթի հարցեր չեն տրվել և քրեական գործի շրջանակներից դուրս անհարկի ձևակերպումներ, այդ թվում` Գ. Մանուկյանի կողմից` քննիչներին վերագրված արտահայտություններ չեն հնչեցվել: Այնպես որ, Գ. Մանուկյանի հայտարարություններն ընդամենը նրա երևակայության դրսևորման արդյունք են և ոչ այլ ինչ, քան պարզունակ սուտ:

Ի դեպ, որոշ լրատվամիջոցների ևս կոչ ենք անում զերծ մնալ տեղեկատվական սադրանքների դիմելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց: Մասնավորապես, 16.11.2020թ.-ին «Hayeli.am» լրատվական կայքով «ՀՀ տարբեր իրավապահ մարմինների 13 քննիչներ հրաժարական են տվել» վերտառությամբ և ՀՀ ՀՔԾ քննչական կազմի լուսանկարով լուրի տարածումն ուներ ընդամենը դիտելիություն ապահովելու և այդ կերպ նշված լրատվամիջոցի ցանկությունը որպես իրականություն ներկայացնելու նպատակ: Ի հեճուկս նմանատիպ շահարկումների` ՀՀ հատուկ քննչական ծառայության բոլոր քննիչները շարունակում են աշխատել բնականոն հունով և իրականացնել օրենքով իրենց վերապահված լիազորությունները:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ հանրությանը հորդորում ենք չհավատալ մանիպուլյատիվ բնույթի և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկությունների: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, հանդիսանալով ապաքաղաքական կառույց, շարունակում է օրենքով իրեն վերապահված ողջ գործիքակազմը ծառայեցնել հանրության շահերին` ապահովելով օրենքի գերակայության սկզբունքի անշեղ իրագործումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի երևանյան համերգը

Վերին Գետաշենում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը

Վատիկանում ընթանում է կոնկլավը

«Կրթվելը Նորաձև Է» շարժման հանդիպմանը բանախոսել են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և շարժման ղեկավար Աննա Հակոբյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է Գյումրիում կառուցել գորգագործության կենտրոն ու 14 բնակարան՝ գորգագործների համար

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է ներկայացվել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետը

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

Ադրբեջանի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին