Վերին Գետաշենում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2025 թվականի մայիսի սկզբից մեկնարկել և ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վերին Գետաշենի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 56 միլիոն 713 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է Ա թաղամասի 1-ին փակուղու և 7-րդ փողոցի, Բ թաղամասի 2-րդ, 6-րդ, 11-րդ փողոցների հիմնանորոգում՝ ասֆալբետոնյա շերտի և ջրահեռացման առուների տեղադրմամբ, 1205 մետր ընդհանուր երկարությամբ և 5336 քառակուսի մետր մակերեսով։
2025 թվականի մայիսի 7-ի դրությամբ արդեն իրականացվել է աշխատանքների շուրջ 15 տոկոսը։ Շինարարական աշխատանքները կավարտվեն 2025 թվականի մայիսի վերջերին։
Շինաշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։
Խոսրով Խլղաթյան