Մեդիան ձևավորում է օրակարգ, թելադրում ճաշակ, սահմանում որոշակի ձև և բովանդակություն. մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյան
11 րոպեի ընթերցում

Մեդիան մեծ ազդեցություն ունի մարդու մտածողության և աշխարհընկալման վրա՝ ձևավորելով պատկերացումներն աշխարհի և իր մասին: Այսօր մեդիան դարձել է առօրյա կյանքի անբաժանելի մասը՝ իր ազդեցությունը տարածելով մարդու վարքագծի, վերաբերմունքի և նույնիսկ որոշումների վրա: Մարդկանց մեծամասնությունը հաճախ չգիտի՝ ինչպես տարբերակել իրականությունը տեղեկատվական մանիպուլյացիաներից: Այս թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ դասախոս, մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ:
-Ինչպե՞ս է մեդիան վերափոխում մեր մտածողության մեխանիզմները և ձևավորում մեր վերաբերմունքը աշխարհի ու ինքներս մեր հանդեպ։
- Մեդիայի դերն ու նշանակությունը երբեք չի կարելի թերագնահատել, քանի որ այն ձևավորում է օրակարգ, թելադրում ճաշակ, սահմանում որոշակի ձև և բովանդակություն: Կա կարծիք, որ մեդիան ունակ չէ վերափոխել մեր կարծիքը կամ ձևավորել անհատին, սակայն իրականությունը լրիվ այլ է: Մարդիկ այսօր մեդիայի հետ ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան՝ միմյանց, և, դրանով պայմանավորված, մեդիան շատ ավելի մասշտաբային ազդեցություն և նշանակություն ունի մեզ համար, քան շրջապատը: Մարդը դաստիարակվում է ընտանիքում, ձևավորվում է հասարակության մեջ, իսկ այսօրվա հասարակության կարևորագույն բաղադրիչը հենց մեդիան է: Եթե նայենք մեր շուրջը, կնկատենք, որ աշխարհում տիրող բազում օրակարգեր բխում են հենց մեդիայից և սահմանված առաջնահերթությունները հաճախ առավելապես մանիպուլյացիաներ են, քան պահանջմունքներ կամ նորմատիվներ: Վերոնշվածով պայմանավորված՝ մենք չունենք կարծիք, չունենք օրակարգ, չունենք որոշումներ կայացնելու հնարավորություն, քանի որ մեր կարծիքը թելադրում են, ճաշակը ձևավորում են, որոշումները դրդում են կայացնել, և դա անում է հենց մեդիան: Արդյունքում մարդը սոցիալապես պատասխանատու սուբյեկտից աստիճանաբար վերածվում է մանիպուլյացիայի իսկական օբյեկտի, մարդու մեջ եղած բնականը արհեստականի կողմից աստիճանաբար արտամղվում է: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ զարգանում է տեսողական հիշողությունը, որի շնորհիվ վիրտուալ իրականությունը դառնում է մեր օրերի օբյեկտիվ իրականությունը: Բոլոր 5 զգայարաններից, որոնց վրա հիմնվում է մարդու աշխարհընկալումը՝ տեսողության, լսողության, համի, հոտոտելիքի, շոշափելիքի, ժամանակակից դարաշրջանում ամենակիրառվողը տեսողությունն է, քանի որ տեղեկատվության գերակշռող մասը մարդիկ հենց դրա միջոցով են ստանում: Տեսողությամբ ապրող մարդը դառնում է մոդեռնիզացված դարաշրջանում ավելի վստահելի և հավատացող՝ շատ հարցերում չկարողանալով քննադատական մտածողություն ցուցաբերել: Այսօր մեդիակյանքը փոխարինում է մեր իրական կյանքին և իրականությունը հաճախ այնքան կարևոր ու հետաքրքիր չէ, որքան էկրանին դրա արտացոլանքը:
- Ինչպե՞ս է մեդիայի կողմից արհեստականորեն ձևավորվող վախն ու լարվածությունը օգտագործվում հասարակական վերահսկողության կամ այլ շահերի ու նպատակների համար։
-Մեդիաոլորտը շատ լայն է, դրանով պայմանավորված՝ հասանելի հասարակության բոլոր շերտերին, և մեդիայում ժամանակ առ ժամանակ շրջանառվող տեղեկությունները բացասական տրամադրություններ են ստեղծում, որոնք ամենատարբեր պատճառներն ունեն: Փորձը ցույց է տալիս, որ բացասական ինֆորմացիան ավելի շատ է տարածվում, քան դրականը, քանի որ գոյատևելու համար բացասական նյութի իմացությունն առավել կարևոր է, քան դրականը: Դա նշանակում է, որ ոչ թե բացասական տեղեկատվությունն է այսօր գերակշռում, այլ պարզապես այն ավելի շատ է տարածվում: Հաճախ մարդիկ ընկնում են դեստրուկտիվ էսթետիկայի ճիրանները՝ փորձելով առաջինը մեկմեկու հասցնել շրջանառվող բացասական տեղեկատվությունը: Բացասական տեղեկատվությունը վերածվում է վարակի, և հաճախ մարդիկ այն տարածելուց առաջ մինչև վերջ չեն էլ կարդում նյութը՝ կամա թե ակամա մյուսներին գցելով տեղեկատվական թակարդը: Հարկ է հաշվի առնել այս ամենը և չտրվել մանիպուլյացիաներին, քանի որ նմանօրինակ տեղեկատվության և շրջանառվող տեսակետների իմաստը մարդկանց հուզական առումով ծնկի բերելն է: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է աշխատել հուզական բանականության բարձրացման ուղղությամբ՝ թիրախային խմբում չհայտնվելու համար: Անհրաժեշտ է հետևել մեդիահիգիենային և որևէ ռեսուրս տարածելուց առաջ նախ մի պահ մտածել, թե այն ինչպե՞ս կանդրադառնա թիրախային լսարանի վրա: Պետք է նկատել նաև, որ դրական կոնտեքստի նյութերն ու հրապարակումները, ցավոք սրտի, չեն ունենում այնպիսի լայնամասշտաբ տարածում, որքան բացասականը, մինչդեռ մենք պայքարում ենք հենց դեստրուկտիվ ինֆորմացիայի դեմ և հատկապես տեղեկատվական պատերազմներում առաջին բանը, որ պետք է անեն մասնագետները և մասնագիտական հմտություններ ունեցող անձինք, այդ ամենը հնարավորինս կանխելն է։
-Որտե՞ղ է լրագրողական էթիկայի սահմանը․ ե՞րբ պետք է դադարեցնել ցավալի իրադարձությունների լուսաբանումը, որպեսզի չվնասվի հասարակության հոգեկան առողջությունը և ինչպիսի՞ պաշտպանական մեխանիզմներ է ակտիվացնում մեր ուղեղը, երբ ենթարկվում ենք մեդիայի ճնշող ու սթրեսային բովանդակությանը։
- Ճգնաժամային իրավիճակներում, երբ անորոշությունն ու տագնապայնության մակարդակը չափազանց բարձր են, իսկ հոգեբանական լարվածությունը, վախն ու սթրեսը մեզ ճնշում են շատ ավելի ուժգին, քան ֆիզիկական ցավը, մարդիկ գամվում են էկրաններին՝ փորձելով նորություն ստանալ, շարունակ ենթարկվում են հուզական դիսբալանսի: Պետք է փաստել, որ մեդիայում ունենք ոլորտի հիանալի մասնագետներ, որոնք աշխատում են բարձր պրոֆեսիոնալիզմով, սակայն նույն լրատվամիջոցների կողքին կան այնպիսիք, որոնք մի քանի ավելի լայք ու դիտելիություն գրանցելու համար մեղանչում են լրագրագիտության գրված ու չգրված բոլոր օրենքների առջև: Հայտնի ծովախեցգետիններով դույլի (crab bucket) սկզբունքի մասին այստեղ հիշելը տեղին կլինի: Խեցգետիններն առանձին կարող են դուրս գալ դույլից, բայց երբ նրանք միասին են այնտեղ, մեկը փորձում է վեր բարձրանալ, մյուսները նրան կրկին հետ են քաշում։ Երբ միևնույն խմբագրության լրագրողների մի մասը դրսևորում է բացարձակ պրոֆեսիոնալիզմ, մինչդեռ մեկ-երկուսը լրագրությունն անդունդն են գլորում, ձևավորվում է հանրային դիրքորոշում թե՛ տվյալ լրատվամիջոցի, թե՛ առհասարակ լրագրողի մասնագիտության հանդեպ (ցավոք, ոչ բոլորն են հետևում միայն հավաստի լրահոսին, և ոչ բոլորն են մեդիագրագետ): Կան մի շարք կարևոր չափանիշներ, որոնք անհրաժեշտ է ի նկատի ունենալ լուսաբանումներ անելիս: Իհարկե, կարելի է մարդուն նկարահանել, եթե նա համաձայնում է, բայց կադրերում կարիք չկա կտրուկ հուզական երանգավորում ներառելու, քանի որ մարդու վիշտն ու ողբը հանրային դիսկուրս բերելն անմարդկային է թե՛ մասնագիտական, թե՛ բարոյաէթիկական տեսանկյուններից: Չի՛ կարելի լայքեր հավաքել՝ մարդուն հուզական առումով ծնկի եկած վիճակում: Չի՛ կարելի մարդուն հիշեցնել իր ցավը և մենակ թողնել նրան իր հույզերի հետ: Երեխաների ներկայությամբ ահաբեկող հարցեր չի՛ կարելի տալ ծնողներին, այլապես եթե նույնիսկ երեխան վախեցած էլ չլինի, նման հարցն արդեն տագնապային կոդավորում է, որ անհրաժեշտ է վախենալ:
Նապոլեոն Բոնապարտը դեռևս 19-րդ դարի սկզբին է ասել. «Չորս թերթերն ավելի մեծ վնաս կարող են հասցնել, քան հազարավոր զորք ունեցող բանակը»: Ուստի, անհրաժեշտ է զարկ տալ գեղեցիկին, էթիկապես ու բարոյապես դրական հույզեր ապահովող կոնտենտին, հատկապես հիմա, երբ գերակշռում է բացասական ինֆորմացիան և վերջապես անհրաժեշտ է ձգտել լինել առաջինը պրոֆեսիոնալ մակարդակում, ոչ թե մասնագիտական տգիտության ֆոնին, մարդկանց չենթարկվել տեղեկատվական տոքսիկոզի, այլ նպաստել մեդիահիգիենայի պահպանմանը, իսկ եթե չի ստացվում, այլ գործով զբաղվել:
-Ի՞նչ դեր ունի մեդիահիգիենան 21-րդ դարի մարդու համար, և ինչպե՞ս կարելի է ճիշտ կառավարել մեդիասպառումը՝ առանց անտեղյակության մեջ մնալու։
-Այսօր ժամանակակից աշխարհը գլոբալ մասշտաբով կանգնած է հսկայական խնդրի առջև, և այդ խնդիրը տեղեկատվական թմրամոլությունն է: Մարդիկ մշտապես գտնվում են տեղեկատվական աճող «համաճարակի» թիրախում։ Աշխարհը հիվանդ է համացանցով և այս առումով մոլորակը կանգնած է մարդաբանական ճգնաժամի առջև: Տեղեկատվության հոսքն այսօր անսահմանափակ է և անկառավարելի: Կարդում ես մի բան, շեղվում ես մեկ այլ բանից, նայում ես երրորդին: Գործերը հետաձգվում են, նպատակները ձեռք չեն բերվում, ժամանակը չի բավականացնում: Այս ամենից զերծ մնալու համար կան որոշ մեթոդներ, որոնք կօգնեն հետևել մեդիահիգիենային և չհայտնվել տեղեկատվական թակարդում: Նախևառաջ, մեդիայից օգտվելիս պետք է սովորել մեդիագրագիտություն, որն այսօր ժամանակի հրամայական է: Այնուհետև անհրաժեշտ է ազատվել ավելորդ կայքերից, բաժանորդագրություններից, հեռացնել անհարկի հավելվածները հեռախոսից, դասավորել հավելվածները տրամաբանական հերթականությամբ: Կարիք չկա ապրել անտեղյակության մեջ, սակայն անհրաժեշտ է զտել մեր կողմից սպառվող ինֆորմացիան, որպեսզի այն ծառայի ի նպաստ մեզ, ոչ թե գործի մեր դեմ: Այսօր շատ կարևոր է նաև սովորել ինքնակազմակերպվել և կենտրոնանալ, քանի որ շատ հաճախ, նույնիսկ եթե մեզ հաջողվում է կենտրոնանալ, ապա ցանկացած արտաքին ազդանշան (հաղորդագրություն, զանգ, գովազդ) հեշտությամբ ի վիճակի է մեզ դուրս բերել կենտրոնացված վիճակից: Պետք է սովորել ընտանիքում առանց հեռախոսի ժամանակ անցկացնել, շփվել ընտանիքի անդամների հետ՝ մոռանալով բոլոր գաջեթների մասին։ Չօգտագործել դրանք նաև քնելուց առաջ, քանի որ անվերջ լրահոս կարդալը, տեսանյութեր դիտելը համացանցում աննպատակ «թափառելը» և էկրանի լույսը մեզանից խլում են հանգիստ քնի հնարավորությունը: Վերոնշյալից զատ անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ կատարել թվանշային դետոքս, որը որոշակի ժամանակով մարդու գիտակցված և կամավոր հրաժարումն է համացանցից, գաջեթներից և թվային այլ սարքերից՝ վիրտուալ աշխարհից և տեղեկատվական հոսքերից հանգստանալու նպատակով։
Հեղինակներ՝ Լիանա Քարամյան, Ասպրամ Համբարձումյան
Լուսանկարը՝ Սաթեն Գրիգորյանի անձնական արխիվից