Սպորտ

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 27-ին

2 րոպեի ընթերցում

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 27-ին

Դպրոցահասակ երեխաների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով 2025 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, հանրապետական՝ եզրափակիչ փուլին կմասնակցեն Երևանի և մարզերի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված մարզային փուլերի հաղթող թիմերը: Համայնքային փուլի մրցումներին մասնակցել է Երևանի և մարզերի 574 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3200 աշակերտ (շուրջ 810 թիմ): Նախորդ տարվանից սկսած՝ մրցաշարն անցկացվում է բացառապես դպրոցահասակ երեխաների շրջանում՝ երկու տարիքային խմբով, երկու փուլով:

Եզրափակիչ փուլի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով: 

Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն՝ 

1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ, 

2-րդ տեղ՝ 2,500,000 ՀՀ դրամ, 

3-րդ տեղ՝ 1,500,000 ՀՀ դրամ: 

Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 

1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 

2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 

3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: 

Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝ 

1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ, 

2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ, 

3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ: 

Նշված դրամական պարգևատրումներում հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Մրցման նախորդ օրը՝ ապրիլի 26-ին, մրցաշարի մասնակիցները կհանգրվանեն Աղվերանում, որտեղ կկազմակերպվի ճամբար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում