Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 2025 թվականին անցկացվող «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին մասնակցում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների հավաքական թիմերը։
Այն անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական։ Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբերով։
Առաջին տարիքային խմբում հանդես եկող թիմի կազմում ընդգրկվում են նույն դպրոցի 7-9-րդ դասարաններում սովորող 1 տղա և 1 աղջիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարաններում սովորող 2 տղա և 2 աղջիկ։
Գեղարքունիքի մարզում մրցաշարի համայնքային փուլի մրցումները մեկնարկել են 2025 թվականի մայիսի 6-ից։
Դրախտիկ-Ծովագյուղի խաչմերուկ 25 կիլոմետրանոց ճանապարհահատվածում անցկացվել է Սևանի համայնքային փուլը։
Մրցումների անվտանգությունը ապահովվել են ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության աշխատակիցները։ Համայնքային փուլի գլխավոր մրցավար Արմեն Երիցյանն է։
Թիմերը հիմնականում հաղթահարել են տարածությունը։
Մրցապայքարի արդյունքում 1-ին տարիքային խմբում առաջի տեղը գրավել է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում Սևանի N 4 հիմնական դպրոցի թիմն է, իսկ մրցանակային եռյակը եզրափակել է Չկալովկայի միջնակարգ դպրոցի թիմը։
2-րդ տարիքային խմբում ուժեղագույնը Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմն է, երկրորդ տեղում է Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում՝ Ծաղկունքի բաց դպրոցի թիմն է։
Մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր։
Համայնքային փուլում ըստ տարիքային խմբերի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը Սևան համայնքը կներկայացնեն մրցաշարի ՀՀ Գեղարքունիքի մարզային փուլի մրցումներում: