«Արմենպրես»-ն ու «Մոլդպրես»-ը գործակցության համաձայնագիր են ստորագրել՝ ավելի տեղեկացված և ներգրավված լսարան ունենալու տեսլականով
4 րոպեի ընթերցում

Հայաստանի և Մոլդովայի պետական լրատվական գործակալությունները՝ «Արմենպրես»-ը և «Մոլդպրես»-ը, համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Գործակցությունը կուղղվի երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար, սպորտային և այլ իրադարձությունների օբյեկտիվ և պրոֆեսիոնալ լուսաբանմանը, երկու ժողովուրդների մերձեցմանը: Կողմերը կօգտագործեն իրենց կուտակած փորձը՝ համատեղ տարբեր նախագծերի հաջող իրականացման համար։
Փաստաթուղթը ստորագրել են «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը և «Մոլդպրես» գործակալության տնօրեն Վիտալի Հադեյը։
Հադեյը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը նշանակալի փուլ է երկու պետությունների միջև փոխգործակցությունը խթանելու ջանքերում:
«Վստահ եմ, որ այս համագործակցությունը թույլ կտա մեր լսարանի համար ապահովել նորություններ և հարցազրույցներ առաջին աղբյուրից՝ Քիշնևում և Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Հավատացած եմ, որ աշխատելով միասին՝ մենք կարող ենք ավելի ամուր և դիմակայուն մեդիա պատկեր ստեղծել՝ ելնելով մեր հանրության կարիքներից։ Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել «Արմենպրես»-ի տնօրեն տիկին Նարինե Նազարյանին այս համագործակցությունը նախաձեռնելու համար։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը կնպաստեն ավելի լավ տեղեկացված և ներգրավված հասարակության զարգացմանը: Միաժամանակ, այս համաձայնագիրը համագործակցության ուժի և մեր պետությունների միջև կամուրջներ կառուցելու կարևորության ապացույցն է»։
Նարինե Նազարյանը նշել է, որ «Արմենպրես»-ը մշտապես բարձր է գնահատել միջազգային համագործակցությունը՝ համարելով այն հուսալի կամուրջ հասարակությունների միջև՝ միմյանց ճանաչելու, միմյանց հասկանալու և իրազեկ լինելով՝ ավելի ուժեղ հանրություն կերտելու տեսլականով:
«Այս համաձայնագիրը նշանավորում է Հայաստանի և Մոլդովայի լրատվական գործակալությունների միջև գործակցության նոր փուլի սկիզբը՝ հիմնված ճշգրիտ, օպերատիվ և վստահելի տեղեկատվություն տրամադրելու մեր ընդհանուր հանձնառության վրա:
Հայաստանը և Մոլդովան բարեկամության և մշակութային առնչությունների հարուստ անցյալ ունեն: Մեդիա համագործակցության այս ձեռնարկով ավելի ամուր կապերով ապագա կկերտենք:
Շնորհակալություն եմ հայտնում «Մոլդպրես»-ի մեր գործընկերներին՝ այս համագործակցությունը հնարավոր դարձնելու նրանց նվիրվածության և ջանքերի համար»,- նշել է հայկական պետական գործակալության տնօրենը:
1918 թվականին հիմնադրված «Արմենպրես»-ը վայելում է վստահելի միջազգային գործընկերոջ համբավը։ Լրատվական գործակալությունը լուրերի և մեդիաբովանդակության փոխանակման վերաբերյալ համագործակցության պայմանագրեր ունի ավելի քան երեք տասնյակ լրատվական գործակալությունների հետ։ Համագործակցության աշխարհագրությունն ընդգրկում է գրեթե բոլոր աշխարհամասերը՝ Ամերիկայից Ասիա, Եվրոպայից Աֆրիկա: Միջազգային համագործակցությունը ենթադրում է նաև փոխադարձ այցերի և վերապատրաստման դասընթացների կազմակերպում՝ մշտապես թարմացնելով մասնագիտական գիտելիքն ու քայլելով ժամանակակից լրատվության միտումներին համընթաց։«Արմենպրես»-ը լուրերը թարգմանում է 9 օտար լեզվով: