Իրան

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության թեժացման ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մայիսի 7-ին մեկնել է Նյու Դելի՝ բանակցելու Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսված են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի վերաբերյալ քննարկումներ:

Միաժամանակ, Արաղչիի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի նախագահությամբ տեղի կունենա երկու երկրների համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստը։ Կողմերը կքննարկեն նախկինում կնքված տնտեսական համաձայնագրերի իրականացմանն առնչվող հարցեր և կուրվագծեն դրանց հետագա զարգացման ուղիները։

Մայիսի 7-ի գիշերը հնդկական զորքերը հարվածներ են հասցրել Պակիստանում և այդ երկրի կողմից Քաշմիրում վերահսկվող տարածքում գտնվող 9 թիրախների, որտեղ, ըստ հնդկական կողմի, հանգրվանել էին ահաբեկիչները։ Նշվում է, որ գործողության ընթացքում Պակիստանի որևէ ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։ 

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին հնդկական Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և Նեպալի մեկ քաղաքացի: Հնդկաստանը հայտարարել է, որ ապացույցներ ունի այդ գրոհին Պակիստանի միջգերատեսչական հետախուզության առնչության վերաբերյալ:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում