Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է ներկայացվել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետը
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին և էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանին։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում Վլադիմիր Կիրակոսյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ՇՄՆ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետ Հովիկ Սաֆարյանին։
Հանդիպմանը մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։
Վլադիմիր Կիրակոսյանը, մարզպետին ներկայացնելով էկոպարեկային ծառայության լիազորություններն ու գործառույթները, միաժամանակ շեշտել է, որ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, ներառյալ Սևանա լիճը, էկոպարեկների գործունեությունը տարածվում է շուրջ 700 հազար հեկտարի վրա, որի հիմնական նպատակը բավականին հարուստ կենսաբազմազանության պահպանության ու վերարտադրության ապահովումն է։
ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետը հույս է հայտնել, որ իրենց գործունեության արդյունավետությունը միաժամանակ պայմանավորված կլինի Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ։
Կարեն Սարգսյանը, ողջունելով հյուրերերին ու նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորելով Հովիկ Սաֆարյանին, հավաստիացրել է, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը անելու է հնարավորը՝ մշտական համագործակցություն ապահովելու համար։
«Մենք լավ գիտենք, թե ինչ հարուստ կենսաբազմազանություն ունի Գեղարքունիքի մարզը, կենդանական ու բուսական աշխարհի ինչպիսի բացառիկ տեսակներ, որոնց պահպանության ու վերարտադրության ապահովումը բոլորիս գերխնդիրն է ու պարտականությունը։ Համագործակցության համար մենք բաց ենք մշտապես ու շուրջօրյա»,-հանդիպումն ամփոփել է մարզպետ Կարեն Սարգսյանը։
Խոսրով Խլղաթյան