Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման պատրաստակամությունը
1 րոպեի ընթերցում
![Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման պատրաստակամությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1032279.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Մոսկվայում հանդիպում ունենալու պատրաստակամությունը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք տեսել ենք այդ տեղեկատվությունը։ Ողջունում ենք առաջնորդների հանդիպելու եւ խաղաղության հասնելու ցանկությունը»- ասել է Ռուդենկոն։
Ավելի վաղ ՀՀ վարչապետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել էր. «Ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման»։