Քաղաքականություն

Բենջամին Սանչեսն Արցախի դեմ հարձակումը և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև կներկայացնի Փենսիլվանիայում

2 րոպեի ընթերցում

Բենջամին Սանչեսն Արցախի դեմ հարձակումը և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև կներկայացնի Փենսիլվանիայում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փենսիլվանիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Բենջամին Սանչեսը պատրաստվում է ներկայացնել Արցախի դեմ հարձակումները և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սանչեսը մասնավորապես նշել է. «Շուտով ես կներկայացնեմ երկկուսակցական բանաձեւ, որը դատապարտում է վերջին հարձակումները և Թուրքիայի մասնակցությունը՝ Հարավային Կովկասում հումանիտար ճգնաժամին: Երկրորդ Հայոց ցեղասպանության կանխարգելումն իմ առաջիկա բանաձևի նպատակն է: Այն ձգտում է բարձրացնել իրազեկվածությունը` օգնելու փրկել կյանքեր»:

Նա հավելել է, որ մի քանի շաբաթ առաջ Արցախի Հանրապետությունում խաթարվել է տասնամյակների փխրուն խաղաղությունը: Սանչեսը շեշտել է, որ Ադրբեջանի ուժերը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից անկանխատեսելի, լայնամասշտաբ գրոհ են սկսել ԼՂ-ի դեմ՝ Թուրքիայի օգնությամբ և աջակցությամբ: Նրա աչքից չի վրիպել նաև այն փաստը, որ ադրբեջանցիները քաղաքացիական բնակավայրերի դեմ օգտագործում են թուրքական ռազմական տեխնիկա և կասետային ռումբեր ՝ ուղղակիորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը:

Սանչեսը նաև նշել է Սիրիայից և Լիբիայից հազարավոր ջիհադական վարձկանների Թուրքիայի կողմից կռվելու համար Ադրբեջան ուղարկելու մասին: «Չնայած ռազմական ճնշումը դադարեցնելու միջազգային կոչերին՝ իրավիճակը վատթարանում է: Արցախն անխնա հարձակման է ենթարկվում: Այս սարսափելի գործողության պատճառով ես կներկայացնեմ այս բանաձևը ՝ դատապարտելու հարձակումները և Թուրքիայի ներգրավվածությունը»,-նշել է նա:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում