Քաղաքականություն

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի պետական հետաքրքրություններ ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ վերջին օրերին ANIF-ը մեծ կազմակերպական և համակարգված աշխատանք է իրականացրել՝ ֆրանսիացի իր գործընկերների հետ:

«10 օր մենք Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի (ANIF-ի տնօրենների խորհրդի անդամ), տեղացի լրագրողների, խորհրդարանի պատգամավորների հետ աշխատում էինք ՝բացատրելով, թե սեպտեմբերի 27-ից ի վեր ինչ է տեղի ունենում արցախա-ադրբեջանական շփման գծում, ներկայացնում էինք նաև թե Թուրքիայի, թե վարձկանների դերը, ներգրավվածությունը, որը լիարժեք փոխում է պատկերը: Բացատրել ենք, որ հանգուցալուծման միակ իրական քաղաքական ճանապարհը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից: Եվ քանի որ Ֆրանսիայի խորհրդարանում մարդիկ իրականությունը արագ են հասկանում, նախագիծն այսօր առավոտյան մտավ Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատ»,-ասաց Փափազյանը:

Նախագիծը նախատեսվում է, որ կքննարկվի առաջիկա մի քանի շաբաթներում: Նախագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը: Փափազյանն իր երախտագիտությունը հայտնեց ֆրանսիացի գործընկերներին, որոնք իրենց հայանպաստ ձեռնարկումներով հետևողականորեն իրենց օժանդակությունն են բերում Արցախի խնդրի կարգավորման և արդարության վերականգնման գործընթացներին:

Փափազյանը նկատեց, որ նույն ուղղությամբ աշխատանքներ են տանում Լոնդոնում, Հռոմում:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում