Քաղաքականություն

Հավատարիմ ենք խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք վերսկսել խաղաղության գործընթացը. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Հավատարիմ ենք խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք վերսկսել խաղաղության գործընթացը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ է վերսկսել խաղաղության գործընթացը` համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտգործնախարարների վերջին մի քանի օրվա հայտարարությունների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանը:

Փաշինյանը նախ հիշեցրեց, որ երկու շաբաթ առաջ Ադրբեջանը սկսել է լայնածավալ հարձակում Լեռնային Ղարաբաղի դեմ: Ադրբեջանի զորքերը, որոնց աջակցում է Թուրքիան, ռազմական գործողություններ են իրականացնում՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաների բոլոր տեսակները: Դրանք ուղղված են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ: «Մենք այդ գործողությունները գնահատում ենք որպես ադրբեջանա-թուրքական ագրեսիա հայ ժողովրդի դեմ: Մեր ժողովուրդը շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած: Մեր անվտանգությունը, ազատությունն ու անկախությունը վտանգված են: Մեր քաղաքներն ու գյուղերը գտնվում են հրթիռային և հրետանային անընդհատ կրակի տակ: Թիրախավորված է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ: Լուրջ վնաս է հասցվել ենթակառուցվածքին, ավերվել են բնակելի շենքեր: Ամենաշատը տուժել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մարդասիրական աղետի եզրին է: Մեր ժողովրդի դեմ ռազմական գործողություններին մասնակցում է ոչ միայն ադրբեջանական բանակը, որն ուղղորդվում է թուրք ռազմական մասնագետների կողմից: Դրանում ներգրավված են նաև Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններ և զինյալներ Սիրիայից»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ այս փաստը հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների պաշտոնական հայտարարություններով, ինչպես նաև միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներով: Առանձնակի մտահոգություն են առաջացնում Թուրքիայի ակտիվ գործողությունները, որոնք սպառնում են ամբողջովին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Փաշինյանը շեշտեց, որ չնայած բոլոր ջանքերին, հակառակորդը չկարողացավ հասնել նշանակալի հաջողության: «Մեր ժողովուրդն ավելի միասնական է, քան երբևէ և վճռական է պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը: Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք վերսկսել խաղաղության գործընթացը` համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտգործնախարարների վերջին մի քանի օրվա հայտարարությունների»,-ասաց վարչապետն ու հավելեց՝ դա Հայաստանի համար ճակատագրական թեմա է, և ինքը, անկասկած, կցանկանար ԵԱՏՄ երկրների իր կոլեգաների հետ կիսել տեղեկատվություն այն դրամատիկ իրադարձությունների մասին, որոնք այժմ տեղի են ունենում անհանգիստ տարածաշրջանում:

Երևանում հոկտեմբերի 9-ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպումն արդեն կայացել է: Դրան մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կառավարությունների ղեկավարները և ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում