Քաղաքականություն

Չնայած բոլոր դժվարություններին, մեր ժողովուրդը միասնական է ինչպես երբեք. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Չնայած բոլոր դժվարություններին, մեր ժողովուրդը միասնական է ինչպես երբեք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած բոլոր դժվարություններին, հայ ժողովուրդը միասնական է, ինչպես երբեք նախկինում և վճռական է մինչև վերջ կանգնելու և պաշտպանելու ազատությունն ու անկախությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին՝ իր բացման խոսքում:

Վարչապետը նախ հիշեցրեց, որ ցավոք, Ղրղզստանի Հանրապետության վարչապետը չի կարողացել ժամանել Հայաստան` խորհրդի նիստին մասնակցելու, և ստիպված են հանդիպումն անցկացնել առանց նրա: Փաշինյանը Ղրղըզստանի բարեկամ ժողովրդին մաղթեց խաղաղություն ու ներդաշնակություն և երկրում ներքաղաքական իրավիճակի շուտափույթ կարգավորում: «Այսօրվա նիստն անցկացվում է Հայաստանի համար դժվար ժամանակներում: Երկու շաբաթ շարունակ Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով բոլոր տեսակի ժամանակակից զենքերի օգտագործմամբ մարտերը չեն դադարում: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները գտնվում են հրետանային և հրթիռային կրակահերթի տակ: Բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ կան, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Սակայն հավաստիացնում եմ ձեզ, որ չնայած բոլոր դժվարություններին, մեր ժողովուրդը միասնական է ինչպես երբեք նախկինում և վճռական է մինչև վերջ կանգնելու և պաշտպանելու մեր ազատությունն ու անկախությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա հատկապես շնորհակալություն հայտնեց պատվիրակությունների բոլոր անդամներին այս դժվար պահին Հայաստան ժամանելու համար: Սա հատկապես արժեքավոր է Հայաստանի համար: Փաշինյանը մաղթեց բոլորին բեղմնավոր աշխատանք և կառուցողական քննարկումներ` ի շահ ինտեգրման և Միության հետագա ամրապնդման:

Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպմանը մասնակցում են ԵԱՏՄ չորս երկրների կառավարությունների ղեկավարները և ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում