Սպորտ

Արազ Օզբիլիսը մտածում է Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա բացելու մասին

9 րոպեի ընթերցում

Արազ Օզբիլիսը մտածում է Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա բացելու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականն էր, Հայաստանի ֆուտբոլի ընտրանին մրցում էր Կանադայի hավաքականի հետ: Հանդիպման վերջին րոպեներին հայ ֆուտբոլիստները հաղթում էին մրցակցին 1:2 հաշվով, բայց մեր ազգային թիմը 11-մետրանոց հարվածի իրավունք էր ստացել… Ֆուտբոլային երջանկություն, բախտ կամ անվանեք ինչպես կուզեք, բայց շատ քիչ ֆուտբոլիստներ կան, որոնք իրենց նորամուտի խաղում դառնում են գոլի հեղինակ: Նման երջանկությունը վայելեց Արազ Օզբիլիսը, որը մոտեցավ այդ 11-մետրանոց հարվածն իրացնելու և իրացրեց այն հստակ:

Արազ Օզբիլիսը տարիների ընթացքում կայացավ և մնաց Հայաստանի ընտրանու այն ֆուտբոլիստներից, որոնք անվերապահորեն հավատում էին ընտրանուն, նույնիսկ այն պահերին, երբ անտեղի էր այդ հավատը: «Արմենպրեսի»հետ զրույցում Օզբիլիսը հիշեց անցած ճանապարհը, խոսեց ապագայից:

-Արազ ինչպե՞ս կամ եր՞բ եք ձեզ հիշում ֆուտբոլի գնդակով առաջին անգամ:

-Շատ փոքր էի, այն աստիճանի, որ չեմ հիշում: Գուցե 3 կամ 4 տարեկան էի: Ծնողներս միշտ ասում են, որ ծնված օրից գնդակը միշտ հետս էր: Նույնիսկ 1,5 տարեկանում նկար ունեմ գնդակով կանգնած: Հայրս էր սիրում ֆուտբոլը և շատ էր զբաղվում ինձ հետ:

- Կարիերայի սկզբում եվրոպական ամենահեղինակավոր ակադեմիաներից մեկում՝«Այաքսում» եք սկսել: Ի՞նչ է տվել ձեզ «Այաքսում» խաղալը, «Այաքսի» ակադեմիայում լինելը:

-Հրաշալի եմ հիշում «Այաքսում» անցկացրած ժամանակս: Այնտեղ հայտնվեցի, երբ ակումբը կազմակերպում էր «Տաղանդի օր» կոչվող մրցույթը, որտեղ 1000 երեխաներից հերթով դուրս են մնում և վերջում միայն մեկ կազմ է մնում: Այդ 1000-ից ես էլ հասա վերջնական կազմին: Այսօրվա պես հիշում եմ, երբ արդեն վերջին օրերն էին, մեզ թուղթ եկավ, որ մնում եմ, և մայրս բացեց այն: Ամեն ինչ, ինչ գիտեմ ֆուտբոլի մասին, «Այաքսում» եմ սովորել: Այդ ակումբն ինձ շատ բան է տվել: 15 տարի այնտեղ եմ խաղացել: «Այաքսի» ակադեմիան լավագույններից մեկն է ամբողջ աշխարհում:

- Այնուհետև խաղացիք նաև ռուսական առաջնությունում` «Կուբանում», «Սպարտակում»: Ինչո՞վ առանձնացավ Պրեմիեր լիգան:

-«Այաքսից» կամ պարզապես պետք է հեռանայի, կամ վարձավճարով հանդես գայի այլ ակումբում: Որոշեցի այլ ակումբում խաղալ և ընտրեցի «Կուբանը»: Ռուսաստանում ամեն ինչ լավ ընթացքստացավ, ինձ հաջողվեց տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»: Իհարկե, տարբերությունը մեծ էր «Այաքսից» «Կուբան» տեղափոխվելիս, քանի որ «Այաքսն» իսկական պրոֆեսիոնալ ակումբ է: Ամեն դեպքում ֆուտբոլ խաղում ենք դաշտում և նույն 11-ը 11-ի դեմ:

- Ի՞նչն էր այն շարժառիթը, որը ստիպեց ձեզ տեղափոխվել Երևանի «Փյունիկ»:

- Միշտ մտքումս ցանկություն ունեի կարիերայի ավարտին մոտ հանդես գալ Հայաստանում: Բայց չէի սպասում, որ այսքան շուտ կգամ Հայաստան: «Վիլեմ-2»-ից հետո այլ եվրոպական ակումբներից առաջարկներ ունեի, բայց ինձ համար դժվար էր եռակի վնասվածքից հետո նորից մարզավիճակ ձեռք բերել: Եվ հիմա ընտանիք ունեմ, երեխաներս էլ մեծանում են, դրա համար էլ ցանկություն ունեի օտար երկրներում չմնալ, որտեղ դժվար կլիներ հարմարվելը: Չեմ ափսոսում, որ եկել եմ այս թիմ: Հիմա ֆիզիկապես ինձ շատ լավ եմ զգում:

- Հավաքականին անդրադառնալով` Ազգերի լիգայում հայտնվել ենք մի խմբում, որտեղ մեր մրցակիցները Վրաստանը, Էստոնիան և Հյուսիսային Մակեդոնիան են: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Հիմա ֆուտբոլը շատ է փոխվել, չկան հիմնական ֆավորիտներ և այլ թիմեր: Հիմա ամեն խաղ իր բարդությունն ունի, հեշտ խաղեր չկան: Հիմա ամեն երկրում ֆուտբոլային մոտեցումն է փոխվել, մեծէ պրոֆեսիոնալիզմը: Մեզ համար էլ այս խմբում հեշտ չի լինելու: Բայց միշտ էլ շանսեր կան:

- Հայաստանի ընտրանին իսպանացի նոր մարզիչ ունի: Ի՞նչ կարող է նա տալ ընտրանուն:

-Դժվարանում եմ հիմա ասել, ամեն ինչ ցույց կտա ժամանակը: Ազգային թիմում ամենաշատը 10 օր ես աշխատում մարզչի հետ: Հավաքականի մարզիչը շատ քիչ ժամանակում պետք է արդյունք ցույց տա: Դա տարբեր աշխատանք է, ինչ ակումբում: Իհարկե, Կապառոսի անցած ուղին ցույց է տալիս, որ լավ է աշխատել:

- Արազ, ըստ ձեզ, ինչը կարող է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հաղթաթուղթը լինել:

-Դեռևս 2012 թվականից սկսած` մենք որակավորման տարբեր փուլերում երբեմն մոտ էինք լինում ուղեգիր նվաճելուն: Հավաքականն ուժեղ էր նաև այն ժամանակ, երբ թիմի ղեկին Վարդան Մինասյանն էր: Իմ կարծիքով, Հայաստանի ընտրանուն դժվարին ժամանակներ են սպասում, քանի որ 1-2 տարի անցսերնդափոխություն կլինի: Տարիներ առաջ երիտասարդները շատ էին, որոնք հանդես էին գալիս արտերկրում, բայց հիմա նրանցթիվը քիչ է: Գուցե լինի այնպես, որ 100 տարի էլ չունենանք Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստ: Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար շատ մեծ աշխատանք է պետք կատարել:

- Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը վերջին տարիներին լուրջ փոփոխություն է կրել: Իսկ ինչի՞ համար է պայքարում «Փյունիկն» այս տարի:

-«Փյունիկը» միշտ էլ ձգտել և ձգտելու է առաջին հորիզոնականներում տեղ զբաղեցնելուն: Թեպետ նախորդ մրցաշրջանը հաջող չստացվեց, բայց պետք չէ մոռանալ, թե ինչ հաջող ընթացք ունեցանք Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանում: Ամեն ինչ դեպի լավը կգնա միայնճիշտ աշխատանքի դեպքում:

- Թիմը նոր մարզիչ ունի` Արտակ Օսեյանը, ի՞նչ կասեք նրա հետ աշխատանքի մասին:

-Նրա հետ աշխատանքը գոհացուցիչ է: Բայց մենք միասին աշխատել ենք դեռևս այն ժամանակ, երբ Վարդան Մինասյանը հավաքականում էր, իսկ Օսեյանը նրա օգնականն էր: Այդ օրերից էր հայտնի, որ մարզչական տաղանդ ունի: Հայաստանում շատ քիչ են պրոֆեսինալ մարզիչները, իսկ դաիսկապես լուրջ խնդիր է:

- Արազ, արդեն 30 տարեկան եք, մտածո՞ւմ եք, արդյոք, կարիերան ավարտելու մասին, թե դեռ անելիք ունեք հայկական ֆուտբոլում:

- Դեռևս չեմ կարող ասել, թե երբ կավարտեմ կարիերաս, բայց ուզում եմ հնարավորինս երկար մնալ ֆուտբոլում: Դժվարին տարիներ եմ ունեցել, հատկապես այս վերջին շրջանում: Բայց հիմա ինձ շատ լավ եմ զգում: Անցած ճանապարհս հեշտ չի եղել: Ուզում եմ այս վերջին տարիներին էլ ցույց տամ, որ ես դեռ կամ ֆուտբոլում:

- Իսկ մտածո՞ւմ եք՞ արդյոք՞ մարզչական աշխատանքի անցնելու մասին:

- Անկեղծ ասած, մտածում եմ այդ մասին: Նույնիսկ ցանկություն կար գրանցվելու ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած դասընթացներին, սակայն հետաձգեցի, քանի որ այն միայն հայերեն և իսպաներեն է: Սակայն դեռևս վերջնական չեմ՝ որոշել ուզո՞ւմ եմ մարզիչ աշխատել, թե ոչ: Բայց նաև մտածում եմ այն մասին, որ իմ ակադեմիան բացեմ Հայաստանում փոքր տարիքի երեխաների համար: Ինչպես նաև մտածում եմ մարզիկների համար վերականգնողական կենտրոն բացել, քանի որ ինքս գիտեմ, թե ինչ դժվար է վնասվածքից հետո նորից մարզավիճակ ձեռք բերելը:

- Ո՞վ է, ըստ ձեզ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

- Ինձ համար` Մարադոնան:

-Ինչպե՞ս կուզեք, որ ձեզ հիշեն, երբ ավարտեք կարիերան:

-Աշխարհում հազարավոր ֆուտբոլիստներ կան, որոնց մոռացել ենք իրենց կարիերան ավարտելուց մի քանի տարի անց: Ինձ էլ են մոռանալու, ես դա գիտեմ: Եթե մնաս ֆուտբոլում, գուցե և հիշեն, բայց ոչ միշտ է այդպես ստացվում: Միայն Մեսսիին ու Ռոնալդուին են հիշելու: Ես շատ բան եմ տվել ֆուտբոլին, ինչի համար գոհ եմ, նաև շնորհակալ եմ: Կուզեի հիշեն, որ ամեն ինչ տվել եմ ֆուտբոլին:

- Արազ, մի քանի բլից հարց. Թո՞մ, թե Ջերի:

- Ջերի:

- Կլո՞պ, թե Գվարդիոլա:

-Գվարդիոլա:

- Պաղպաղա՞կ, թե պիցցա:

-Պաղպաղակ:

- Մեսսի, թե՞ Ռոնալդու:

-Մեսսի:

- Սո՞ւրճ, թե թեյ:

-Թեյ:

- Սև՞, թե սպիտակ:

-Մոխրագույն (ծիծաղում է):

- Գի՞րք, թե ֆիլմ:

- Ֆիլմ:

-Շնորհակալություն հաճելի զրույցի համար:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում