Հասարակական

Դավիթ Տոնոյանը ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ այցելել է արցախյան մի շարք զորամասեր

2 րոպեի ընթերցում

 Դավիթ Տոնոյանը ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ այցելել է արցախյան մի շարք զորամասեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Դավիթ Տոնոյանը հուլիսի 30-31-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն է այցելել հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության այն խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն:

Նախարար Տոնոյանն առաձին ուշադրություն է դարձրել նաև ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին:

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներն այցելել են ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, որտեղ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և այդ համատեքստում՝ մասնավորապես այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում