Ես ազատ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու նախագահն եմ. Արայիկ Հարությունյան

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման նպատակով մայիսի 21-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որը վարում էին Աժ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ՝ Գագիկ Բաղունցը:

Հատուկ նիստին զինվորական քայլերգի հնչյունների ներքո դահլիճ են բերվել Արցախի Հանրապետության պետական դրոշը, Սահմանադրության մայր օրինակը և 17-րդ դարի Ավետարանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այնուհետև, օրենքով սահմանված կարգով, Նախագահ Արայիկ Հարությունյանը երդում է տվել ժողովրդին, նշելով՝ «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Երդմնակալության արարողությունից հետո հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը, որին հաջորդել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնանքի խոսքը՝ ԱՀ նորընտիր նախագահին:

Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթով, որտեղ մատնանշել է 28 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության նվաճումներն ու ձեռքբերումները՝ խորհրդանշական համարելով հաղթական մայիս ամսին և հատկապես Շուշի քաղաքում նախագահի պաշտոնը ստանձնելու հնարավորությունը:

«Ես այլևս ոչ թե զուտ կուսակցության, այլ՝ առաջնահերթորեն պետության նախագահ եմ... Դա նշանակում է, որ ես ազատ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու նախագահն եմ, համայն հայության արժանապատվությունն ու հպարտությունը մարմնավորող Արցախի նախագահն եմ, մեր համազգային մեծ ու անհավանական երազանքների կյանքի կոչման գլխավոր երաշխավորներից մեկն եմ... Հետևաբար, ես պատրաստ ու պարտավոր եմ ստանձնել պատասխանատվություն բոլորի համար, պատասխանատվություն Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ պետության գլխին վերապահված իրավասությունների պատշաճ կատարման համար»,- ընգծել է Արցախի Հանրապետության նախագահը:

Ամփոփելով ելույթը նորընտիր նախագահը երդվել է մեծ նախնիներով, հերոս հայորդիների հիշատակով, գալիք սերունդներով՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում անել առավելագույնը իր գործառույթների պատշաճ կատարման ուղղությամբ՝ ուղենիշ վերցնելով Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, նշված սկզբունքները, հայոց համազգային իղձերը և իր խիղճը:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ Ազգային ժողովի և անձամբ իր անունից շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու և պաշտոնը ստանձնելու կապակցությամբ մաղթել է հաջողություն ի փառս երկրի և ի բարօրություն Արցախի ժողովրդի:

Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը, ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱՀ 6-րդ գումարման ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի և Հայաստանի հնրապետությունների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հանրային և գործարար շրջանակների գործիչներ:

Հայերեն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ