Հայաստանում արտադրված հեռուստանովելները հետաքրքրություն են առաջացրել միջազգային հարթակում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Academy Films» պրոդյուսերական ընկերության նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծված տարբեր հեռուստանովելներ ադապտացվել են, ենթարկվել սցենարական որոշ փոփոխությունների և վերանկարահանվել ԱՄՆ-ի կոնկրետ լսարանի համար:

Այս մասին ընկերության գլխավոր տնօրեն Արամ Թորոսյանն ասաց «Արմենպրես»պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ տեսակապով զրույցի ընթացքում:

Թորոսյանը կարծում է, որ հայկական կինոարտադրության ոլորտում դրական առաջընթաց կա. մեծ է արտերկրի ֆիլմարտադրողների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: «Դա պայմանավորված է մի քանի գործոնով: Էական է գին-որակ հարաբերակցությունը: Դրսի ֆիլմարտադրողները մինչև համավարակի տարածումը ուշադրություն դարձրին մեր պոտենցիալին: Հայաստանում արտադրված ինտելեկտուալ և ստեղծագործական պրոդուկտը, որը կարող է ԱՄՆ-ի կոնկրետ լսարանի համար հետաքրքիր լինել, ադապտացրել ենք Ամերիկայի հեռուստադիտողի համար. թարգմանել ենք, սցենարական փոփոխություններ իրականացրել: Ադապտացված տարբերակներում մասնակցել են անգլախոս դերասաններ, աշխատել են հայ և օտարերկրացի ռեժիսորներ: Մի նկարահանման հրապարակում եղել է երկու ռեժիսոր. մեկը ներկայացրել է ԱՄՆ-ն, մյուսը՝ Հայաստանը»,-պատմեց Թորոսյանը:

Նա շեշտեց, որ երկու հեռուստանախագիծ են իրականացրել: Ֆիլմերը սարսափ ժանրի են, որոնք մեծ պահանջարկ ունեն ԱՄՆ-ում: «Դրանք բավականին որակյալ են՝ հատկապես հաշվի առնելով բյուջեն: Երկուսն էլ ընդգրկվել են «Էմմի» ամերիկյան հեռուստատեսային մրցանակաբաշխության Daytime Emmy Awards-ի կարճ ցուցակում: Դա մեծ հաջողություն է, քանի որ հեռուստանովելների նկարահանման գործընթացքում 90 տոկոս ներգրավված մասնագետները՝ դերասանները, օպերատորները, լուսավորողները և այլք Հայաստանից են: Տիտրերում հիմնականում հայերի անուններ են: Դա հետաքրքիր կլինի, և հնարավոր է՝ այլ պրոդյուսերական ընկերություններ գան Հայաստան և այստեղ կինո նկարեն»,-ընդգծեց պրոդյուսերը:

Թորոսյանի խոսքով՝ առ այսօր կինոարտադրության համար ֆինանսական միջոցներ է ներդնում պետությունը, որը Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցով գումարը բաշխում է տարբեր կինոարտադրողների միջև: Կան պրոդյուսերներ, որոնք կարողանում են նաև այլ գումարներ գտնել կոմերցիոն ֆիլմերի միջոցով:

«Academy Films» պրոդյուսերական ընկերությունն ստեղծում է ուղղություն, որը թույլ կտա նաև այլ ֆինանսական միջոցներ ներգրավել ֆիլմարտադրությունում, երբ կինոարտադրողը կախված չի լինի X քանակի գումարից, այլ նաև պետության օգնությամբ կկարողանա առավել տեսանելի դարձնել Հայաստանի կինոարտադրությունը:

Թորոսյանը վստահ է՝ տարբեր երկրներից ավելի շատ պրոդյուսերական ընկերություններ կգան Հայաստան իրենց ֆիլմարտադրությունը տեղայնացնելու, ինչը մեծ օգուտ կարող է բերել մեր տնտեսությանը: «Տուրիստական փաթեթները ազատված են ԱԱՀ-ից, քանի որ դա համարվում է ծառայությունների արտահանում, թեև ծառայությունները մատուցվում են ՀՀ տարածքում: Նույնը պետք է կինոյի մասով, հատկապես, երբ արտերկրի շուկայի համար ֆիլմեր են նկարահանվում ՀՀ տարածքում (սակայն ներքին շուկայի համար արտադրվող ֆիլմերի համար էլ արժե հանել)»,-ասաց նա:

Պրոդյուսերը շեշտեց, որ նկարահանել են երկու ֆիլմ Հայաստանի և Արցախի մասին: «Ունենք վիդեոնյութերի մեծ գրադարան: Նկարահանել ենք տարբեր հետաքրքիր նախաձեռնություններ: Մենք հնարավորինս օժանդակելու ենք թե՛ Զբոսաշրջության պետական կոմիտեին, թե՛ ոլորտում ներգրավված իրավաբանական, ֆիզիկական անձանց նյութերով, որոնք մենք ունենք: Մեր ֆիլմերը տրամադրել ենք հյուրանոցային տնտեսությունների, գիդերին, տուրիստական կազմակերպությունների, որպեսզի ըստ ցանկության օգտագործեն այդ վիդեոնյութերը»,-տեղեկացրեց Արամ Թորոայանը:

Նա չմոռացավ անդրադառնալ նաև «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի փառատոնին՝ նշելով, որ նախորդ տարի այն անցկացվել է «Ավրորա» ֆորումի շրջանակում: «Այն բաց է, և մենք մեծ քանակով դիմումներ ենք ստացել արտերկրի ռեժիսորներից: Փառատոնին ֆիլմեր ենք ցուցադրել ՀՀ ազգային ժողովի բակում, «Loft»-ում: Այս տարի ցուցադրություններ էինք նախատեսել նաև ՀՀ մարզերում:

«Հնարավոր է՝ 2020-ին փառատոնն անցկացնենք առցանց»,-եզրափակեց Արամ Թորոսյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները