ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության դեսպանատունը կբացվի Սայաթ-Նովա 36 հասցեում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա փետրվարի 24-ին, որին կմասնակցի նաև Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:
Լայչակը փետրվարի 24-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Փետրվարի 24-ին, ժամը 10:15-իննախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո՝ժամը 11։30-ին,տեղի կունենա երկու ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։
Սլովակիայի ԱԳ նախարարի այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։