Բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ. Խոսրով Խլղաթյանը հրատարակել է «Հոգու Հայրենիքը» գիրքը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզի «Գեղամա աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանը ընթերցողների դատին է հանձնել «Հոգու հայրենիքը» գիրքը, որում տեղ են գտել հեղինակի տարբեր տարիների բանաստեղծությունները, պոեմները և պատմվածքները` նվիրված հայրենի եզերքի բնաշխարհին ու մարդուն, կյանքի երկու գլխավոր տարերքներին` օդին և ջրին, Հայոց ազատամարտին, գյուղական կյանքին, հայրենիքին և պատմաքաղաքական իրադարձություններին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Խլղաթյանը պատմեց, որ ստեղծագործում է 17 տարեկանից: Նա հիշում է` ինչպես է վաղ տարիքում մեծ հետաքրքրությամբ լսել մեծահասակների զրույցները և արագ յուրացրել դրանք: «Դեռ դպրոց չէի գնում, բայց ինձ կատակով և ծիծաղով բանաստեղծ էին անվանում, քանի որ կարողանում էի վերարտադրել լսածս գրեթե նույնությամբ: Դպրոցական տարիներին սիրով էի ընթերցում գրականություն, պատմություն»,-ասաց Խլղաթյանը:

Նրա խոսքով` «Հոգու հայրենիքը» գրքում ամփոփված են այն գործերը, որոնք գրել է 1981 թվականից մինչ օրս: Դրանք տպագրվել են հանրապետական և տեղական մամուլում: «Կարծեցի`արդեն ժամանակն է ստեղծագործական ժառանգությունը ներկայացնել գրքով, քանի որ տեսնում եմ, որ դրանք ինչ-որ արժեք ունեն. հայրենասիրական մոտիվներով են, սիրո մասին են, խոհափիլիսոփայական և քնարական ստեղծագործություններ են»,-նշեց հեղինակը:

Ըստ Խլղաթյանի` գիրքը կարող է հետաքրքրել տարբեր սերունդների ընթերցողների: «Ինչպես ասացի, իմ գործերը պարբերական մամուլի միջոցով հասել են մարդկանց: Դրանք ներկայացնում եմ նաև համացանցում, և տեսնում եմ, որ արձագանքները դրական են: Ինձ թվում է, որ գիրքը շատերին դուր կգա: Երբ այն լույս տեսավ, տարբեր դպրոցներից շնորհանդես կազմակերպելու հրավերներ ստացա: Իմ նպատակը գիրքը սերունդներին փոխանցելն է, հուսամ` կարժևորեն այն»,-ընդգծեց նա:

«Հոգու հայրենիքը» բաղկացած է մի քանի բաժնից: «Կյանքիս երգը» և «Երգ երգոց» բաժիններում ամբողջացվել են հայրենասիրական ու սիրային բանաստեղծությունները, գյուղական կյանքին նվիրված շարքերը: «Մենք ասես աստիճանաբար հեռանում ենք գյուղական կյանքից: Գրել եմ մեր տատերի ու պապերի մասին, գյուղական աշխատանքների, զրույցների, ընտանեկան հավաքների մասին»,-ներկայացրեց Խլղաթյանը:

«Ջրի երգը» բաժնում հեղինակը զետեղել է «Հավերժը», «Պարը», «Ծովը», «Ձյունը», «Անձրևը», «Աղբյուրը», «Եղյամը», «Գոլորշին», «Ամպը» և այլ ստեղծագործություններ:

«Օդի երգը» բաժնում` «Օդի պատգամը», «Հավատափոխ աշունը», «Սելիմի բուքը», «Օդի կիրքը»… Հետաքրքիր են նաև «Պոեմներ», «Պատմվածքներ», «Հայրենասիրական ակնարկ» բաժինները:

Խոսրով Խլղաթյանը հեռանկարում նոր ժողովածուներ է հրապարակելու: «Ֆիդայական շարժման արձագանքները» բաղկացած կլինի մի քանի գրքից: Նախատեսում եմ հրատարակել նաև տարբեր տարիներին գրած զվարճապատումներս, հոդվածներս, ակնարկներս: Շեշտեմ` չեմ դադարում ստեղծագործել»,- եզրափակեց Խլղաթյանը:

Խոսրով Խլղաթյանը ծնվել է 1964 թվականի հունվարի մեկին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Սովորել և ավարտել է Մարտունու թիվ մեկ միջնակարգ դպրոցը, Երևանի թիվ մեկ պրոֆտեխուսումնարանը, Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Հայոց լեզու և գրականություն է դասավանդել դպրոցներում, համատեղության կարգով աշխատել է Մարտունու շրջանային թերթում: Ղեկավարել է Մարտունու շրջխորհրդի գործկոմի ընդհանուր բաժինը, զբաղեցրել Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչի պաշտոնը, եղել Գեղարքունիքի մարզպետի օգնական: 2008 թվականից մինչ օրս խմբագրում է «Գեղամա աշխարհ» մարզային թերթը: 2015-ից մինչ օրս պայմանագրային կարգով աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության բաժնում, համատեղությամբ`«Արմենպրես»-ում:

Տարբեր տարիների համագործակցել է Հանրային հեռուստաընկերության, «Հայաստանի Հանրապետություն» թերթի հետ: Հրատարակել է ճանաչողական գրքույկներ, պատմվածքներ, քննադատական կամ հրապարակախոսական հոդվածներ, լուրեր:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում