Քաղաքականություն

Հույս ունենք՝ մոտ օրերին ընդհանուր հանգստություն կլինի. Արմեն Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

Հույս ունենք՝ մոտ օրերին ընդհանուր հանգստություն կլինի. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կարծիքով, ԱՄՆ-Իրան հարաբերություններում առկա լարվածությունը գնում է ապաէսկալացիայի: Այդ մասին Արմեն Գրիգորյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում; «Հույս ունենք, որ մոտակա օրերին ընդհանուր հանգստություն է լինելու։ Իհարկե, մենք միշտ վատթարագույնին ենք պատրաստվում, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել՝ շատ լայնածավալ աշխատանք ենք կատարել և՛ սիրիական, և՛ իրանական ճգնաժամերի ընթացքում։ Կարելի է ասել՝ մեր ինստիտուցիոնալ կարողություններն են ավելացել, մենք կարողացել ենք մշակել և՛ տարհանման պլան, և՛ ճգնաժամին արձագանքելու պլան, որը, կարծում եմ, շատ կարևոր առաջընթաց է մեր կառավարման համակարգի համար։ Որոշակի առումով այս երկու ճգնաժամերից մեր ինստիտուցիոնալ կարողություններն ավելի են հզորացել, և մենք ավելի հստակ գիտենք, թե ինչ ենք անելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Գրիգորյանը։

Հարցին, թե Հայաստանը պատրաստվո՞ւմ է որպես միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի և Իրանի միջև, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Նման տարբերակ դեռևս չի քննարկվել։ Իհարկե, մենք ցանկություն ունենք, որ կոնֆլիկտը հնարավորինս արագ կարգավորվի, և մենք մեր դերակատարությունն ավելի շատ տեսնում ենք, որ երկու կողմի հետ էլ շարունակենք երկխոսությունը, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Մենք ցանկացած տարբերակի պատրաստ ենք՝ օգնելու, որ կոնֆլիկտը հնարավորինս մեղմվի»։

Հարցին՝ արդյոք տնտեսական անվտանգության առումով մտահոգություններ չկա՞ն, Արմեն Գրիգորյանն ասաց, որ այս պահին խնդիր չունենք: «Մենք բոլոր տարբերակները քննարկել ենք, սննդի անվտանգությունից սկսած մինչև կարևոր ենթակառուցվածքների աշխատանքը։ Մենք բոլոր այլընտրանքային ճանապարհների լուծումներն արդեն գտել ենք։ Այն ապրանքները, որոնք եթե ճգնաժամ սկսվի, ինչպես ենք փոխարինելու, դրա ճանապարհային քարտեզն ունենք, ուստի կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք բոլոր առումներով, իհարկե, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն»,- ընդգծեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում