Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանիին
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Այս տարի պատիվ ունեցա պաշտոնական այցով գտնվելու Կատարի Պետությունում, ինչպես նաև հանդես գալու որպես բանախոս «Նորարարական կրթության համաշխարհային գագաթնաժողովին» և «Դոհա ֆորումին»:
Վստահ եմ, որ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Կատարի մուտքի արտոնագրի չեղարկումը, ինչպես նաև արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների, կրթության և գիտության, զբոսաշրջության, սննդի անվտանգության և այլ բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացումն առավել կամրապնդեն և նոր մակարդակի կբարձրացնեն մեր երկրների միջև բազմակողմ փոխգործակցությունը»,-մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի ուղերձում:
Նա Էմիր Ալ Թանիին հաջողություններ է մաղթել, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում