Հասարակական

ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման նոր կարգի քննարկման նպատակով:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գործընթացի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար: Նա հանգամանորեն ներկայացրել է ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման կարգի փոփոխությունները և այս համատեքստում՝ ակնկալիքները կազմակերպություններից:

Արաքսիա Սվաջյանի ներկայացմամբ՝ այս տարվանից ներդրվում է կարիքի վրա հիմնված վերապատրաստման համակարգը, որով սահմանված է ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլերի տևողությունը. «1 տարի է՝ 1-5 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների համար, և իրականացվում է առաջին տարվա ընթացքում, 3 տարի է՝ վերապատրաստման երկրորդ մակարդակի համար իրականացվող դասընթացների համար, 5 տարի է՝ վերապատրաստման երրորդ և չորրորդ բարդության մակարդակի համար իրականացվող դասընթացների համար»:

Միաժամանակ, նախարարի տեղակալը ներկայացրել է այն պայմաններն ու չափանիշները, որոնք անհրաժեշտ են երաշխավորվող կազմակերպությունների և դասընթացների ցանկերում ընդգրկվելու համար:

Հանդիման ընթացքում հարցուպատասխանի միջոցով անդրադարձ է կատարվել ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման կարգում կատարված փոփոխությունների այն կետերին, որոնք հավելյալ քննարկման և պարզաբանման անհրաժեշտություն ունեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում