Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ
09:43, 12 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահը հետաքրքրվել է Լիբանանում ստեղծված իրավիճակով և այդ համատեքստում՝ հայոց եկեղեցական ու ազգային կառույցների և կրթական հաստատությունների գործունեությամբ։ Արամ Առաջին Վեհափառը տեղեկություններ է հաղորդել երկրում ստեղծված իրավիճակի մասին։
Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել Վեհափառին ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, լիբանանահայ մեր հայրենակիցներին՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել նրանց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում