Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց 
պաշտպանների միջնորդությունը
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին որոշում է կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ  խափանման միջոց կալանքը վերացնելու և  քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սեպտեմբերի 12-ին կայացել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը:

Նիստի ընթացքում Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը քննության չի առնվել:

Փաստաբաններ Արամ Օրբելյանը և Արամ Վարդևանյանը, հղում անելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին կայացրած որոշմանը, նշել էին, որ Քոչարյանի կալանքը հիմնավոր չէ:

Մեղադրող կողմի կարծիքով՝ ՍԴ որոշումը այս գործին վերաբերելի չէ, պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, հետևաբար, Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով  «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն ՀՀ դրամին համարժեք 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք:

Գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում են  նաև 2008 թվականին ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: Բացի այդ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ