Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով` ծրագրեր կան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպման հետ կապված:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Կոպիրկինն ասաց ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում:
«Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդիպումները բավական հաճախակի են տեղի ունենում, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միությունների ձևաչափերում: Իհարկե, հանդիպումների ծրագրեր կան անխոս»,- ասաց դեսպանը:
Կոպիրկինը նշեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:
Ապրիլի 19-ին ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել Է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կարող են երկկողմ հանդիպում անցկացնել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի շրջանակում, որը մայիսի 29-ին տեղի կունենա Ղազախստանում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում