Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կլինի մանուշակագույն․ շարժման առաջնորդն ամփոփեց հերթական օրն ու ներկայացրեց առաջիկա անելիքները

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կլինի մանուշակագույն․ շարժման 
առաջնորդն ամփոփեց հերթական օրն ու ներկայացրեց առաջիկա անելիքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 21-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրվա ծրագրերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արքեպիսկոպոսը նախ ցույց տվեց նվեր ստացած մանուշակագույն գրիչն ու հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը այսուհետ կլինի մանուշակագույն՝ և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական իր արտահայտությամբ։ Նա հույս հայտնեց, որ շուտով շարժման ողջ աշխատախումբը կիրականացնի համապատասխան աշխատանք և բոլորը կկրեն մանուշակագույն շապիկներ։ 

«Մանուշակագույնը Աստվածամոր, հաղթանակի, մաքրության ու ճանապարհից հետ չկանգնելու գույնն է»,- ասաց սրբազանը՝ շնորհակալություն հայտնելով իր համախոհներին մայիսի 20-ին իր հետ Կիրանց այցելելու համար։ Նա տեղեկացրեց, որ կիրանցիների հետ հանդիպել է գյուղի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ։ Նա հավաքվածներին փոխանցեց կիրանցիների ողջույնը՝ հավելելով, որ նրանք աջակցում են երևանցիներին, շարժման բոլոր մասնակիցներին։  

«Այսօր նույնպես հանդիպել ենք բազմաթիվ անձանց, նախևառաջ արցախցիների խմբի հետ՝ քննարկելով այն հարցերն ու խնդիրները, որոնք առնչվում են առաջին հերթին նրանց։ Մեր խնդիրն է արցախցի եղբայրներին ու քույրերին որևէ կերպ աջակցել։ Տարանջատումները պետք է իսպառ վերացվեն մեր կյանքից։ Եթե խոսում ենք հաշտության օրակարգի մասին, պետք է հաշվի առնենք նաև այս հանգամանքը։ Մեր սխալը եղել է այն, որ Արցախի հարցն ամբողջ հայկական հարցի փաթեթից դիտարկվել է առանձին, մինչդեռ պիտի լիներ անբեկանելի մասը»,- ասաց շարժման առաջնորդը։  

Նա տեղեկացրեց նաև, որ հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքագետների, սոցիոլոգների, հանրային գործիչների, փորձագետների ու վերլուծաբանների հետ։ Արքեպիսկոպոսին զարմացրել է հանրային կյանքում այդքան շատ մարդկանց ներգրավվածությունը։ 

«Երբ հանրային լայն շրջանակների հետ կայանում են հանդիպումներ, մեր աչքերի առջև տեսնում ենք հավաքական ուժը։ Մենք ահռելի ներուժով ժողովուրդ ենք, բայց ցաքուցրիվ ենք, աննպատակ, շատ դեպքերում անգործնական։ Թող ոչ ոք չմտածի, որ ինքը վերջնական ճշմարտության դատավորն է այս կյանքում։ Այդ անբարտավանության պսակը պետք է ցած դնենք մեր գլուխներից՝ ցած իջնելով դատավորի պատվանդանից»,- ասաց արքեպիսկոպոսը` տեղեկացնելով, որ հանդիպելու են նաև տնտեսագետների ու կրթության ոլորտի մասնագետների հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am