ԱԺ փոխխոսնակը կարևոր իրադարձության արձանագրում է համարում Քաղաքացու օրը տոնելը
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը Քաղաքացու օրը նշելը ոչ թե հերթական տոնախմբություն, այլ կարևոր իրադարձության արձանագրում է համարում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց ապրիլի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Դա հերթական տոնախմբությունը չէ, դա շատ կարևոր մի իրադարձության արձանագրում է: Խոսքը քաղաքացու գերակայության ու դերի բարձրացման մասին է: Եվ այդ քաղաքացին է այսուհետև որոշելու գրեթե ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունում: Այդ օրը չնշելը, առավել ևս նմանատիպ համեստ ձևով, կարծում եմ սխալ կլիներ»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ փոխխոսնակը հավելեց, որ հաճախ խոսում են տոնը նշելու մասին, բայց չեն ասում, թե ինչպես է այն նշվելու:
«Շատ հաճախ խոսում են տոնը նշելու մասին, բայց չեն ասում, թե ինչ է լինելու: Խոսքը 124 միլիոն դրամի փուչիկ առնելու մասին չէ, այլ՝ քննարկումների, քաղաքացիական գիտակցությունն ավելի շատ բարձրացնելու ու այդ երևույթն ավելի շատ զարգացնելու մասին, որը Հայաստանի Հանրապետությանը բերելու է ավելի մեծ հաղթանակներ»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կտրամադրվի 124 մլն դրամ:
124 մլն դրամով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ:
Քաղաքացու օրը կնշվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում