Երևանում կկայանա գարեջրի 5-րդ փառատոնը
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում օգոստոսի 18-ին կկայանա գարեջրի 5-րդ փառատոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի հիմնադրման 2800-ամյակի առիթով գարեջրի բոլոր սիրահարներին օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-23:00, հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք՝ մասնակցելու մեր մայրաքաղաքի ամենասիրված և սպասված Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին:
Երևանյան մթնոլորտ, գարեջրային հրավառություն, հետաքրքիր մրցույթներ, հայկական գարեջրի պատրաստման լավագույն ավանդույթներ, գարեջրի շուկայի լավագույն արտադրողներ, այս ամենը մեկ վայրում՝ Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին:
Իսկ այդ ամենը կուղեկցվի երևանյան շատ բարձր տրամադրությամբ: Եկեք տոնենք միասին»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում