Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում կպայքարի չորս հայ թեկնածու. հրապարակվել են վերջնական ցուցակները

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում կպայքարի չորս հայ թեկնածու. հրապարակվել են վերջնական ցուցակները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը վերջնականապես հստակեցրել է հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ներկայացրած թեկնածուների ցուցակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, ցուցակները հրապարակվել են Resmi Gazete պաշտոնաթերթում:

Համաձայն հրապարակված ցուցակների՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն առաջադրել են 4 հայազգի թեկնածուի: Նրանք են՝ Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, Գարո Փայլանը և Լուդմիլա Բյույումը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, Էլմաս Կիրակոսը՝ «Լավ» կուսակցությունից:

Մարգար Եսայանը հայտնի է իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով: 2015-ին ընտրվելուց ի վեր նա որևէ հայամետ նախաձեռնությամբ աչքի չի ընկել: Ավելին, 2016 թվականի հունիսին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նա Թուրքիայի պատվիրակության կազմում կողմ էր քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին, որը ԵԽԽՎ-ում տապալվել էր:

Ի տարբերություն Եսայանի՝ Փայլանը մշտապես բարձրաձայնել է հայ համայնքին հուզող հարցերը: Նա աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով, որոնցում բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը: Պատգամավորն անգամ համապատասխան առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր 1915 թվականի դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Առաջարկը մերժվել էր: Նա նաև պարբերաբար բարձրաձայնել է պոլսահայ համայնքին հուզող հարցերը, մասնավորապես Պոլսո Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտության հարցը:  Խորհրդարանի ամբիոնից ցեղասպանության մասին խոսելու համար նա անգամ ենթարկվել է կարգապահական տույժի: Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր:

Էլմաս Կիրակոսը նախկինում «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ է եղել: Այս ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրվելու թղթերը հանձնելիս նա նշել էր, որ ինքը հայ է, գնում է եկեղեցի ու հպարտ է, որ Աթաթուրքի զավակներից է։

Լուդմիլա Բյույումը հասարակայնության հետ կապերի մասնագետ է:

Բացի Գարո Փայլանից, ում թեկնածությունը կուսակցությունն առաջադրել է Դիարբեքիրում, մյուս բոլոր թեկնածուներն առաջադրված են Ստամբուլում:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն:

Նշենք, որ նախորդ՝ 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում թուրքական մեջլիսն ունի 3 հայ պատգամավոր՝ Գարո Փայլանը, Մարգար Եսայանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից առաջադրված իրավաբան Սելինա Դողանը: Վերջինս այս անգամ կուսակցության կողմից որպես պատգամավորի թեկնածու չի առաջադրվել։

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի: Ընտրություններից հետո նախկինում 550 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում այսուհետ կլինեն 600 պատգամավորներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]