Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Օգոստոս

Փայլանը մեջլիսում խոսել է Հայոց ցեղասպանության մասին. նրան հեռացրել են նիստի աշխատանքներից


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այդ հայտարարության համար որոշում է կայացվել նրան պատժել` հեռացնելով երեք նիստից:

Փայլանը մասնավորապես հայտարարել է, որ 1913-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և ցեղասպանության հետևանքով այս հողերից կամ աքսորվել են կամ տանջանքների են ենթարկվել»:

Իշխող «Արդարություն և զարգացում»  կուսակցության պատգամավորներին զայրացրել է Փայլանի հայտարարությունը: Մեջլիսի փոխխոսնակ Ահմեթ Այդանը պահանջել է Փայլանից ուղղել խոսքերը` ասելով, որ այդ ժամանակաշրջանում եղել են «փոխադարձ ցավալի իրադարձություններ, որոնք, սակայն, չեն կարող ցեղասպանություն որակվել»:

Սակայն հայ պատգամավորը շարունակել է խոսքը` ասելով. «Ժամանակին մենք 40 տոկոսն էինք բնակչության, այսօր 1000-ի մեջ մեկն ենք: Մեր գլխին մի բան եկել է, և ես դրան ցեղասպանություն եմ ասում, ինչ էլ որ դուք այն անվանեք: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե իր գլխին ինչ է եկել: Հայրիկիս, պապիս գլխին թե ինչ է եկել, շատ լավ գիտեմ: Եկեք դուք այն անվանեք, միասին առերեսվենք»:

Իշխող կուսակցության պատգամավորներ Մեթին Քյուլունքը պահանջել է «ուղղել ցեղասպանություն բառը»: Որոշվել է դադար տալ նիստին: Դադարից հետո իշխող կուսակցության, ինչպես նաև ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորները դատապարտել են Փայլանի խոսքերը:

Մեջլիսի հայ պատգամավորին «ցեղասպանություն» եզրույթի համար պատժել են` երեք նիստով հեռացնելով մեջլիսի աշխատանքներից: Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրություններից:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ