Մակրոնի այցը Ռուսաստան չի չեղարկվի
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Ռուսաստան, որը նախատեսվում է մայիսին, կկայանա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
«Այս հանդիպումը հարցականի տակ առնված չէ»,- ասել է նախարարը:
Ծրագրվում է, որ Մակրոնը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսին՝ Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակում:
Ֆրանսիացի գործընկերոջը հրավերն ավելի վաղ փոխանցել էր ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 14-ին Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրի նկատմամբ հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:
Հարվածներն իրականացվել են ինչպես ծովից, այնպես էլ օդից: Օգտագործվել են ինչպես թևավոր հրթիռներ, այնպես էլ «օդ-ցամաք» տեսակի հրթիռներ:
Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հստակեցրել են, որ բաց է թողնվել 110 հրթիռ, տուժել է երեք մարդ:
Ռուսաստանը դատապարտել է իրականացված հարձակում՝ դա միջազգային իրավունքների խախտում որակելով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում