Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

Հայաստանը Հայդերաբադում մասնակցում է ՏՏ համաշխարհային համաժողովին


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում փետրվարի 19-ին պաշտոնապես մեկնարկել է ՏՏ համաշխարհային համաժողովը («WCIT 2018»-ը): 

Համաժողովին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավար կազմի գլխավորությամբ։

Հայկական կողմից կազմակերպվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը ողջունել է բոլոր ներկաներին և հրավիրել Հայաստան` «WCIT 2019»-ին մասնակցելու։

Նախատեսվում է, որ համաժողովի ավարտին Հայաստանը կվերցնի էստաֆետը` 2019 թ.-ին «WCIT»-ը մեր երկրում անցկացնելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ԻՏՁ միության նախագահ Ալեքսանդր Եսայանը «WCIT»-ի կազմակերպիչ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance-WITSA) կողմից ընտրվել է «WITSA» Տնօրենների խորհրդի անդամ: Նա ներկայացրել է նաև Հայաստանում անցկացվելիք «WCIT 2019»-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2019 թ.-ին Մալայզիայից Հայաստան է ժամանելու մեծ պատվիրակություն, որպեսզի Հայաստանից հանդիսավոր վերցնեն «WCIT 2020»-ի էստաֆետը: 

Համագործակցության եզրեր են ձևավորվել նաև ASOCIO-ի (The Asian-Oceanian Computing Industry Organization) հետ, որը Ճապոնիայում հիմնադրված կազմակերպություն է և ներառում է ՏՀՏ ու բիզնես ոլորտի 24 երկրների կազմակերպություններ: 2019 թ.-ին վերջիններս նույնպես կժամանեն Հայաստան:

ԻՏՁՄ-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և Հնդկաստանի Lexicon PR Management Service-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Ռամա Լութրայի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի` հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաև Հնդկաստանի դպրոցներում։




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ