Շարմազանովը կառավարությանը կոչ է անում համայնքների խոշորացման հարցում լսել ժողովրդի ձայնը
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կողմ է համայնքների խոշորացմանը, բայց միևնույն ժամանակ կառավարությանը կոչ է անում լսել ժողովրդի, համայնքի ղեկավարների, պատգամավորների ձայնը: Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ համայնքների խոշորացման հիմքում պետք է լինի ժողովրդի շահը:
«Մենք ձգտում ենք ռեսուրսների մոբիլիզացիայի ու ռացիոնալ կառավարման: Փաստացիորեն կարող ենք տեսնել՝ Թումանյանի տարածաշրջանում միավորված բազմաթիվ գյուղերում դրական տեղաշարժ կա: Մենք պետք է հետևենք, հասկանանք՝ եթե կա դրական առաջընթաց, պիտի կողմ քվեարկենք, իսկ եթե ոչ, ուրեմն՝ ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ այս հարցում պետք է շատ ուշադիր լինել, քանի որ այն շատ զգայուն է ու մեծ հետաքրքրություն է ներկայացնում հանրության համար: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հարկավոր է ամեն ինչ հաշվի առնել և կշռադատել:
Համայնքների խոշորացման նոր ծրագրով Հայաստանի տարբեր մարզերի 328 համայնքներ կմիավորվեն, ինչի արդյունքում կձևավորվի 34 համայնք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում