Շարմազանովը կառավարությանը կոչ է անում համայնքների խոշորացման հարցում լսել ժողովրդի ձայնը

15:19, 8 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կողմ է համայնքների խոշորացմանը, բայց միևնույն ժամանակ կառավարությանը կոչ է անում լսել ժողովրդի, համայնքի ղեկավարների, պատգամավորների ձայնը: Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ համայնքների խոշորացման հիմքում պետք է լինի ժողովրդի շահը: 

«Մենք ձգտում ենք ռեսուրսների մոբիլիզացիայի ու ռացիոնալ կառավարման: Փաստացիորեն կարող ենք տեսնել՝ Թումանյանի տարածաշրջանում  միավորված բազմաթիվ  գյուղերում դրական տեղաշարժ կա: Մենք պետք է հետևենք, հասկանանք՝ եթե կա դրական առաջընթաց,  պիտի կողմ քվեարկենք, իսկ եթե ոչ,  ուրեմն՝ ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ այս հարցում պետք է շատ ուշադիր լինել, քանի որ այն շատ զգայուն է ու մեծ հետաքրքրություն է ներկայացնում հանրության համար: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հարկավոր է ամեն ինչ հաշվի առնել և կշռադատել:

Համայնքների խոշորացման նոր ծրագրով Հայաստանի տարբեր մարզերի 328 համայնքներ կմիավորվեն, ինչի արդյունքում կձևավորվի 34 համայնք:

 


© 2009 ARMENPRESS.am