Երևանյան բեսթսելեր 2/32. Յանուշ Լեոն Վիշնևսկու «Գրանդ» գիրքը գլխավորում է աղյուսակը
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է լեհ գրող, «Մենությունը ցանցում» բեսթսելերի հեղինակ Յանուշ Լեոն Վիշնևսկու նոր՝ «Գրանդ» գիրքը: Այն սեպտեմբերի 27-ին ներկայացվեց հայ հանրության դատին: Գիրքը հայերեն է թարգմանել Գոռ Մարտիրոսյանը: Խմբագիրն է Զավեն Բոյաջյանը: Յանուշ Վիշնևսկին անձամբ մասնակցեց գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը երկրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը չորրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:
Հինգերորդ հորիզոնականում է «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակ Լևոն Խեչոյանի«Մհերի դռան գիրքը» վեպը, որը լույս է տեսել այս տարի: Գրողի մահից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց:
Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը վեցերորդ հորիզոնականում է: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Վերջերս այն հայերեն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակ:
Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում Վահրամ Սահակյանի «Վարձու ինքնասպաններ» ժողովածուն: Հեղինակն իր նոր գիրքը համարում է մինչև հիմա գրածներից ամենալավը: «Վարձու ինքնասպաններ»-ում մեր ժամանակների պատմություններ են: Գիրքը մարդկանց մասին է, ովքեր տարիներ են կորցնում` փորձելով կարգավորել կյանքը, ժամանակը վատնում են նյութական արժեքներ դիզելու վրա ու չեն նկատում, որ «ինքնավերանում են»:
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության.Տաղեր» գիրքն ութերորդ հորիզոնականում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկուկես տարի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:
Իններորդ հորիզոնականում է գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը: Այն տպագրության առաջին իսկ օրերից արժանացավ ընթերցողների ուշադրությանը: Վեպը ներկայացնում է տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունը, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները:
«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք»ստեղծագործությունը: Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ | Քանակ | |
1 | նոր | Յանուշ Լեոն Վիշնևսկի «Գրանդ» |
Վերնատուն մեդիա |
67 | |
2 | 0 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 22 | |
3 | 0 |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 19 | |
4 | -3 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ | 11 | |
5 | * |
Լևոն Խեչոյան «Մհերի դռան գիրքը» |
Անտարես | 10 | |
6 | -2 |
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 10 | |
7 | +1 |
Վահրամ Սահակյան «Վարձու ինքնասպաններ» |
Անտարես | 10 | |
8 | * |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության.Տաղեր» |
Զանգակ | 8 | |
9 | -2 | Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը» | Զանգակ | 8 | |
10 | * |
Ջեյն Օսթին «Հպարտություն և նախապաշարմունք» |
Անտարես | 8 |
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում