ԱՄՆ Պետդեպի խոսնակն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետի նամակը մոլորության մեջ է գցել ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարին: Ապրիլի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձին` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջեն Պսակին, լրագրողի այն հարցին ի պատասխան, թե ինչպես եք գնահատում Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, ասել է. «Մենք ողջունում ենք Էրդողանի` 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցած տառապանքի պատմական հրապարակային ընդունումը: Մենք հավատում ենք, որ սա դրական նշանն է այն բանի, որ կարող էլինել դեպքերի լիարժեք, ազնիվ ու արդար ճանաչում, որը, հավատացած ենք, կնպաստի հայերի ու թուրքերի միջև հաշտեցման խնդրին»:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնվում հայերին, սակայն խեղաթյուրել է Հայոց ցեղասպանության իրողությունն ու հնչեցրել ժխտողական կոչեր:
Ապրիլի 24-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը և ի մասնավորի ասել է. «Մենք ուշադրությամբ ծանոթացանք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությանը, փորձելով դրանում տեսնել պատմությանն առերեսվելու առաջին փորձ, սակայն, ցավոք, պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում է: Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը` զոհին և դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետևանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձևավորման կոչը»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում