Քաղաքականություն

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կաթողիկոսին խնդրել է սառեցնել իր հոգևոր ծառայությունը. մանրամասներ հանրահավաքից

4 րոպեի ընթերցում

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կաթողիկոսին խնդրել է սառեցնել իր հոգևոր ծառայությունը. մանրամասներ հանրահավաքից

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքում ներկայացվեց շարժման օրակարգն ու հայտարարվեց վարչապետի թեկնածուի անունը:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ հանրահավաքը մեկնարկեց լռության րոպեով՝ որպես հարգանքի տուրք Լոռիում բնական աղետից զոհված հայրենակցի հիշատակին: Այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զորակցություն և աջակցություն հայտնեց Լոռիում և Տավուշում բնական աղետի հետևանքով տուժածներին՝ աղոթք հղելով տուժածների շուտափույթ ապաքինման ու անհայտ կորածների գտնվելու համար:

Նրա խոսքով՝ հանրահավաքը հայտարարում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վճռական փուլի մասին:

Անդրադառնալով շարժման կողմից վարչապետի առաջադրվելիք թեկնածուին՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համոզմունք հայտնեց, որ նա պետք է լինի վերկուսակցական, պետք է ձևավորի անցումային կառավարություն, որը կլինի հաշտության կառավարություն՝ հստակ ունենալով օրակարգային ուղղություններ:

«Նախ, այն պետք է լինի ներքին հաշտության կառավարություն՝ հիմնված արդարության և արդարադատության վրա, կյանքի ապաքինմամբ և զարգացմամբ պայմանավորված:

Արտաքին հարաբերություններում պետք է վարի առանց հակա-ների քաղաքականություն՝ ամեն գնով սառեցնելով ներկայիս իրավիճակը, ապա դրանից բխած օրինակելի օրակարգի զարգացնի քաջ գիտակցելով խաղաղության արժեքը:

Նոր կառավարությունը պետք է ձգտի խաղաղության՝ իրական կայուն արժանապատիվ և երկարաժամկետ, ուժի և սպառնալիքի կիրառման բացառմամբ, կարգավորի մարդասիարական խնդիրները՝ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձով պայմանավորված:

Խաղաղության պայմանագրի շուրջ. իրական, խորքային, արդար, կայուն, երկարաժամկետ խաղաղության ապահովմանը միտված բանակցությունները պետք է ներառեն նաև արցախցիների անվտանգ վերադարձի, լայն իմաստով, անվտանգության և, բոլոր իմաստներով, պաշտպանության խնդիրները»,-նշեց արքեպիսկոպոսը:

Սահմանազատման ու սահմանագծման գործընթացն էլ, ըստ նրա, պետք է լինի խաղաղության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո:

Այնուհետև կպատրաստվեն և կանցկացվեն արտահերթ կամ հերթական ընտրությունները` ազատ և թափանցիկ, որոնց երաշխավորը կլինի անցումային կառավարության ղեկավարը՝ առանց հավակնություն ունենալու դրանց մասնակցել:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կրկին պահանջեց վարչապետի հրաժարականը:

Պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանն էլ իր ելույթում ներկայացնելով վարչապետի թեկնածուի անհրաժեշտ որակների ու ունակությունների վերաբերյալ պատկերացումները, հայտարարեց, որ բոլոր հանդիպումների ու քննարկումների մասնակիցները միակարծիք են եղել, որ վարչապետի իրենց թեկնածուն պետք է լինի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Հանդիպումներ են անցկացվել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ, բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգության մասնագետներ, դիվանագետներ, գործարարներ, իրավաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, և շատ ու շատ այլոց հետ։ Բոլոր հանդիպումների և քննարկումների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը, իհարկե, Բագրատ Սրբազանն է»,-ասաց նա:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին և հոգևոր եղբայրներին խնդրել է սառեցնել իր երեսնամյա ծառայությունը և պատրաստվում է անձնական պատասխանատվություն ստանձնել ողջ ընթացքի համար:

Այնուհետև նա հայտարարեց, որ Հանրապետության հրապարակից երթով շարժվելու են կառավարական ամառանոց՝ ակնկալելով հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ներկայացնելու իրենց պահանջը:

Վարչապետ Փաշինյանը, սակայն, վաղ առավոտից Լոռու մարզում է` տեղում ծանոթանալով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում