Փաշինյանը կարևորում է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ճանապարհով գնալը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում գնալ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման ճանապարհով Հայաստանի 29 հազար 743 քկմ տարածքը ֆիքսելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց Շինուհայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով սահմանազատման գործընթացի և երկրի անվտանգության կարևոր երաշխիքի՝ լեգիտիմության մասին։
«Այն տեղերը, որտեղ սահմանազատված չի, պետք է սահմանազատվեն։ Որտեղ մենք առաջ ենք, պետք է հետ գանք, որտեղ իրենք են առաջ, իրենք պետք է հետ գնան։ Պետք է գիծը գծվի»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը կարևոր համարեց ընդգծել, որ Հայաստանն Ադրբեջանի հետ նոր սահման չի ձևավորում, այլ վերականգնում է Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանը։
«Այս սկզբունքը շատ կարևոր է, որովհետև հիմա մենք ասում ենք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է։ Այո, Կիրանցում մի քանի տների հետ կապված խնդիր ունեցանք, բայց չենք ուզում շեղենք, որովհետև այս կոնստրուկցիան եթե մի տեղ քանդվեց, դոմինոյի էֆեկտով բոլոր տեղերում քանդվելու է»,-եզրափակեց Փաշինյանը։