Հասարակական

Հավաքներին հանցավոր բոլոր ոտնձգությունների բացահայտման հարցում դրսևորվելու է ընդգծված հետևողականություն. ՀՀ ՔԿ

2 րոպեի ընթերցում

Հավաքներին հանցավոր բոլոր ոտնձգությունների բացահայտման հարցում դրսևորվելու է ընդգծված հետևողականություն. ՀՀ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում շարունակել են արձանագրվել առերևույթ հանցագործության տարատեսակ դրսևորումներ, որոնց առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել շուրջ երեք տասնյակ անձանց նկատմամբ։ «Արմենպրես»-ին այդ մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Նկատի ունենալով վերոնշյալը, վերջին օրերին ակտիվացած անհանդուրժողականության խոսույթը, Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին ընդառաջ՝ հնարավոր սադրանքների մասին մանիպուլյատիվ տեղեկույթի շրջանառումը սոցիալական ցանցերում ՝ ՀՀ քննչական կոմիտեն կրկին նախազգուշացնում է, որ օրենքով սահմանված իր գործառույթների և պարտականությունների շրջանակներում ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները՝ այդ ակցիաների, հավաքների շրջանակներում հանցավոր բոլոր դրսևորումներին օպերատիվ և համակողմանի արձագանքելու, նմանատիպ գործողություններ կատարող անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

Հավաքների մասնակիցներին և աջակիցներին վճռականորեն հորդորում ենք իրենց իրավունքների իրացումն ապահովել՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները, առաջնորդվել Հանրապետությունում հասարակական կարգը, ներքին անվտանգությունը պահպանելու, այլոց իրավունքները հարգելու քաղաքացիական գիտակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանցավոր բոլոր ոտնձգությունների բացահայտման, դրանք կատարողների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է ընդգծված հետևողականություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում